«ԷԹՆՈՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

Աշոտ Մանուկյան
Մանկավարժական գիտությունների թեկնածու, Երևան, Հայաստան
Իր բազմադարյան գոյության ընթացքում հայությունը կարողացել է ստեղծել պետություն, որն ինքնության պահպանման և կենսապահովման խնդիրների լուծման երաշխիք է: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը ամրագրել է ժողողովրդավարության, էթնոքաղաքական ու էթնոմշակութային հանդուրժողականության և միջպետական խաղաղության ապահովման քաղաքականություն, որը բխում է հայ էթնոհանրության` դարերով մշակած մարդասիրական արժեհամակարգից: Հայությունը` որպես տիտղոսավոր էթնոհանրություն, ունի իր զարգացման առանձնահատկությունները: Պայմանավորված համաշխարհային հասարակության զարգացման արդիական միտումներով` Հայաստանի Հանրապետության տնտեսությունն արագորեն ներառվում է համաշխարհային տնտեսական համակարգում, իսկ գիտական մշակույթը վերածվում է համամարդկային տեղեկատվության բաղկացուցիչի: Հայության ժողովրդագրական իրողություններից է այն, որ մոտավոր հաշվարկներով հայության ընդամենը 25-30%-ն է բնակվում իր պետությունում, իսկ նրա մեծամասնությունը` այլ պետությունների տարածքներում: Նման իրավիճակում հատկապես սրվում է ինքնության պահպանման հարցը, որի շրջանակներում կարևորվում են գիտական գիտելիքների դերն ու նշանակությունը` որպես համաշխարհային գիտակրթական չափանիշներին համապատասխան զարգացման, ինքնակատարելագործման և կենսագործունեության ապահովման միջոց: Ինչպես աշխարհի գիտատեխնիկական առաջընթացի միտումները կանխորոշող ազգերի, այնպես էլ հայության ներկայացուցիչները ձգտում են յուրացնել մշակույթի թվայնացման միջոցները, աշխուժորեն ծավալում են գիտելիքահեն գործունեություն, ընդգրկվում են համակարգչային տեխնոլոգիաների համաշխարհային զարգացման ոլորտներում: Այս ամենի արդյունքում հայությունն այսօր արագորեն ձեռք է բերում նաև ցանցային-տեղեկատվական հասարակության նկարագիր, որի անդամներն ակտիվորեն ներգրավվում են համամարդկային նյութական և հոգևոր-մշակութային արժեքների պահպանման, ստեղծման և զարգացման գործընթացներում: Հայ մարդիկ, պայմանավորված կենսագործունեության առանձնահատկություններով, ակտիվ փոխազդեցության մեջ են գտնվում այլ մշակութակիրների հետ, ինչը հղի է իր դրական և բացասական հնարավոր հետևանքներով: Տարբեր արժեհամակարգեր ունեցող հանրությունների ստեղծած տեղեկատվությունն ազդում է ՀՀ քաղաքացու ձևավորման և պետության ինքնության պահպանման բնապատմականորեն ձևավորված գործընթացների վրա: Իր հերթին մշակույթի` արագորեն ընթացող թվայնացումը ծնունդ է տալիս համարժեք մանկավարժական խնդիրների, որոնց լուծումը անհրաժեշտություն է հայ հանրության և նրա պետության անվտանգության ապահովման համար: Պայմանավորված ազգային և համամարդկային զարգացման իրողություններով` պետականության անվտանգության պահպանման գործընթացում կարևորվում է էթնոմանկավարժությունը` որպես հայ հանրության մշակութային ինքնությունը պահպանող և զարգացնող մտավորականության ձևավորման միջոց:
https://drive.google.com/file/d/1Gauw44arj2WIcaDcQdyiqnqwJmpMLS_G/view?usp=sharing