ԱՔՐԱՄ ԱՅԻԼԻՍԼԻԻ «ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐԻ» ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ

Լուսինե Ղարախանյան

Երբ սոցիալական փոփոխությունն արագացնում կամ վերափոխում է հասարակության զարգացումը, անցյալը ներկայի համար պետք է դադարի օրինակ լինելուց, հատկապես եթե այն շարունակում է խանգարել նույն այդ հասարակության առաջընթացին: Մենք հակված չենք ընդհանուր գնահատականներ տալու հայ-ադրբեջանական հարաբերություններն արտացոլող առանձին դեպքերի ու իրադարձությունների, սակայն ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին, այս առումով, հանդես է գալիս բացառիկ նոր դիրքորոշումներով ու նոր մտահորիզոնում:
Աքրամ Այլիսլին, անշուշտ, նախորդների գործելակերպին վերադառնալու կոչ չի անում: Գրողն ապրում է, անձնային զարգացման ակմատիկ ֆազ, երբ մարդու անձնային ու հոգեբանական հասունությունը, նաև առանձին ընդունակությունները հասնում են իրենց զարգացման բարձրագույն աստիճանին:
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Աշաղի Այիլիս, այսինքն` Ագուլիս գյուղում ծնված Աքրամ Այլիսլին մեր օրերում, իսկ ադրբեջանական հանրույթի պարագայում` բացառիկ համարձակ մտավորական է: Թերևս առաջին ադրբեջանցի թուրքը, ով խոսում է սումգայիթյան դեպքերի մասին և օգտագործում «հայերի կոտորած» արտահայտությունը: Եվ այս դեպքերը ու նաև ադրբեջանական իշխանությունների մշակած ռազմավարությունը ադրբեջանցի գրողի համար դառնում են անձնական տառապանք, և դա է արտահայտված «Քարե երազներ» գրքում: Գիրքը, ըստ էության, հենց այդ տառապանքից ազատվելու՝ գրողի փախուստն է: Այստեղ մենք առնչվում ենք գրողի անձնային ինքնամաքրման գործընթացին։
Վեպում բավականին շատ են դրական հետերոստերեոտիպերը: Ստերեոտիպերի մասին խոսելիս արժե անդրադառնալ Ուիլյամ Ջեյմսի կողմից առաջ քաշված սոցիալական «ես» հասկացությանը: Սոցիալական «ես»-ը, ըստ նրա, կազմված է մոդելներից, որոնք կազմում են շրջապատողների հետ մեր հարաբերությունների հիմքը [2, 318]: Ապաշխարանքի, ինքնամաքրման, խորը հումանիզմի՝ ներշնչանքի հասցնող ազդեցությամբ է Այլիսլին գրում և տենչում փոխել ինչ-որ բան, որ այնպես չէ: Նա խնամքով մեջբերում է Այիլիս (Ագուլիս) գյուղում նախկինում ապրած շատ ու շատ հայերի անուններ, անդրադառնում նրանց խաղաղ ու ստեղծագործ կենցաղի առանձին դրվագների: Վեպ-ռեքվիեմի բոլոր հայերն էլ ներկայացված են դրական կերպարներով: Դրական են նաև այն ադրբեջանցի թուրքերը, ովքեր առանցքային կերպարներ են և ներկայանում են որպես Բաքվի սերուցքային խավի ներկայացուցիչներ:
Վեպում արտացոլված են հայերին առնչվող բազմաթիվ դրական հետերոստերեոտիպեր և, ընդհակառակը` բացասական ավտոստերեոտիպեր, այսինքն` կայունացած բացասական դիրքորոշումներ սեփական էթնիկական հանրույթի նկատմամբ՝ «Ոչ թե հայերը, այլ մենք ենք վատը»: Դրական հետերոստերեոտիպերն արտահայտվում են բժիշկ Աբասալիի միջոցով. հայերն աշխատասեր են, կուլտուրական, ազնիվ: Բժիշկ Աբասալիի համար հայ կին Հայկանուշը կատարելատիպային կերպար է: Դրական կերպարներ են նաև Լուսիկը, Այինկան, Մինասը և ուրիշներ: Այստեղ մենք տեսնում ենք, որ Էթնիկական կարծրատիպը ազդում է ինչպես էթնիկական համակրանքի /էթնոգոնիզմ/, այնպես էլ համակրանքի վրա:
Վեպի շատ ու շատ կերպարներ (ադրբեջանցիներ) բացասական մարմնավորումներ են։ Շախդադժար Արմաղանովը, ով մեղադրվում է Գրետա Սարկիսովայի մահվան մեջ, ներկայացվում է որպես շուշեցի ջարդարար: Որպես բացասական կերպարներ են նաև Ադրբեջանի ազգային ճակատի անդամները` ի դեմս գլխավոր Բեյի: Բացասական էթնիկական ավտոկարծրատիպի մարմնավորում են նաև Հայաստանի փախստական ազերիները, ովքեր աչքի են ընկնում իրենց դաժանությամբ ու անմարդկային արարքներով: Հեղինակավոր բժիշկ Ֆարզանին, ով ևս դրական կերպարի մարմնավորում է, ուղղակի ապշած է ադրբեջանցիների` հայերի նկատմամբ ցուցաբերվող դաժանություններից: «Նա երբևէ չէր նկատել նման վերաբերմունք հայերի կողմից» [3]-, գրում է Այլիսլին: Գրողը ամբոխի անկարկումները (ադրբեջանցիների) համեմատում է որսի գնացած նախնադարյան մարդկանց գոռում-գոչյունների հետ: Այդկերպ նա նույնացնում է նաև սեփական էթնիկական հանույթը նախնադարյան համայնքի հետ, որը, ըստ էության, իր էթնոգենետիկ զարգացման վայրենության փուլում է:
Հեղինակն օգտագործում է նաև «հայկական կոտորած» բառերը: Ադիֆ Բեյը հրամայում է կոտորել հայերին: Նրանց մեջ էին Մինասը, Ալեքսանը: Այիլիսի բնակիչ Նուբարը բժշկին պատմում է թուրքերի գազանությունների մասին:
Այստեղ նշենք, որ անձի զարգացման ժամանակակից տեսությունների հիմնական ասպեկտ է դիտվում նրա կողմից միջավայրի կանոնների յուրացումը, այսպես կոչված «սոցիալական քերականության» ուսումնասիրումը և այն համարվում է անհատի հոգեֆիզիոլոգիական համակարգի այն դինամիկ կազմավորումը, որով դետերմինավորվում է նրա հարմարումը միջավայրին [4, 342]: Անձի վարքային կողմնորոշումները, անշուշտ, նրա ինքնագիտակցության կառույցի բաղադրամաս են, և կարծրատիպը որպես մարդկանց ու խմբերի մասին ընդհանրացված ու կայուն պատկերացումների համակարգ ևս անձի ինքնագիտակցության համակարգի աշխատանքի արդյունք է:
Հեղինակը նշում է նաև այդ մարդկանց բառաֆոնդում ավելացված և կարծրացած այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «Դու հայ ես», «Մահ քեզ» և այլն: Սրանք արդեն ապակառուցողական, ագրեսիայի դրսևորումներ են, որոնցում առկա է ապամարդկայնացման (դեհումանիզացիայի) տարրը: Այս առումով հեղինակը, իրոք, խորը տառապանք է ունենում և գրելու միջոցով արտահայտում է իր մեջ կուտակված ցավն ու բացասական ապրումները: Սա ինտելեկտուալիզացիայի պաշտպանական մեխանիզմն է, որն էլ հենց գալիս է փրկելու իրեն՝ գրողին:
Գրողը բացառիկ համարձակությամբ ընթերցողին համոզում է, որ Այիլիսիի եկեղեցու ավերակը ոչ թե Իստազն է, այլ Աստվածատունը: Հեղինակն օգտագործում է հենց այդ բառը և անդրադարձ կատարում նաև հայ եկեղեցու արդեն ավերակներին: Իսկ նրանցից որոշները, ըստ հեղինակի, ծառայում են որպես «Հայկական Մեքքա կամ Մեդինա»: Հեղինակը բարձրացնում է հուշարձանների նենգափոխման, այսինքն՝ էթնիկ վանդալիզմի խնդիրը և ընդգծում Այիլիսի հայերի էթնիկ ներկայության պատմությունը: Եվ այստեղ է, որ հուշարձանների ավերումը դառնում է զբաղեցրած տարածքի հետ ինքնության կապի լեգիտիմացում:
Հեղինակն ունի վառ արտահայտված հուզազգացմունքային և իմացական լարվածություն, ինչը փոխանցում է ընթերցողին իր կերտած գլխավոր կերպարի` Սադայ Սադօղլիի միջոցով: Սա բարձր արժեքներ կրող մարդ է, ով ունի վսեմ համոզմունքներ ու հետաքրքրություններ և յուրատեսակ մտածելակերպ, ինչի համար էլ հաճախ պատժի թիրախ է դառնում: Գրողի մեջ կուտակված տառապանքն արտահայտող գործողություն է դառնում անվանի դերասանի մահաբեր կատակը: Դա հենց նույն Աքրամ Այլիսլիի ազատ մտածելու և ազատ խոսելու ներքին բազային պահանջմունքն է, որն արտացոլվում է մի շարք պատկերավոր արտահայտությունների միջոցով («Ազգի ոգին ամորձատել», «Կուսակցական տոմսը՝ ատրճանակ» և այլն)։
Գրողը հոգեբանական խորաթափանցությամբ ընդգծում է արդար դատաստանի, խղճի խայթի և ապաշխարության հարցը, որն այլընտրանք չունի: Այիլիս գյուղի բոլոր հայերի տներում հոգիներ կան, որոնք տանջում են թուրք նորաբնակներին և պատժում նրանց տարբեր ձևերով: Եվ սպանված հայերի տան յուրաքանչյուր ադրբեջանցի վերաբնակիչ արդեն կրել է իր ծանր պատիժը, դրանք բոլորն էլ տարբեր են և մեկը մյուսից ծանր:
«Քարե երազներ» գրքում հայերի նկատմամբ կիրառված դաժան վերաբերմունքի բազմաթիվ տեսարաններ կան արտացոլված, որով, կարծում ենք, Այլիսլին բերում է իր՝ ազգային զարգացումների, ազգային ինքնագիտակցության սեփական մեկնաբանումները, որոնք ֆիքսված (հաստատապես արձանագրված) կամ ստատիկ չեն, այլ միշտ էլ վերակառուցվում են՝ ի պատասխան նոր պահանջների, հետաքրքրությունների և պատկերացումների, չնայած միշտ էլ գտնվում են որոշակի շրջանակների մեջ: Ի վերջո Այլիսլին «Քարե երազներ» վեպի միջոցով դնում է անցյալի դերի հարցը ներկայի ստեղծման մեջ:
«Քարե երազները» ենթադրում է հոգեփոխություն: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ որոշակի հոգեվերլուծական, մասնավորապես, կոնտենտ – վերլուծություն կատարելու արդյունքում պարզ է դառնում ազգային, մասնավորապես կրոնական ինքնությունից հեռանալու իրողությունը: Կրոնը էթնոպաշտպան գործառույթ է կատարում և անձի ինքնագիտակցության անբաժանելի բաղադրամասն է, եթե տվյալ մարդն ազգային արժեքների կրող է: Իսկ կրոնական զգացմունքների նվաստացումը, կամ սեփական էթնիկական հանրույթին բացասական վերագրումներ (ատրիբուցիա) կատարելը համատեղելի չէ իր մեջ բարձրագույն արժեքներ կրող մարդու համոզմունքներին: Սկզբունքայնորեն Այլիսլին կասկածի տակ է առնում ազգային ավանդույթ համարվող թլպատման երևույթը, ինչն ալլահի առաջ առաջնային պարտավորություն է դիտվում:
Այս համատեքստում հատկանշական է բժիշկ Ֆարիդ Ֆարզանիի խոսքը թլպատման տոնակատարություններից մեկի ժամանակ. «Մի՞թե,-ասում է,- ձեր մարգարեն Աստծուց խելոք է: Եթե մարդու մարմնում լիներ ինչ-որ ավելորդ բան, մի՞թե Աստված կույր էր, որ չտեսավ» և «Ո՞վ իրավունք տվեց ձեր մարգարեին ուղղել Աստծո սխալը» [5]: Այստեղ իսկապես առաջանում է երկարժեքության (ամբիվալենտության) զգացում: Թլպատման ավանդույթը, որքան էլ դա անընդունելի լինի այլ կրոնական համոզմունքներ ունեցողների համար և պարունակի արխայիկ տարրեր, ազգային ավանդույթ է, իսկ ազգային ավանդույթը ազգային մտածողության ու արժեքային համակարգի մաս է: Պետք է ասել, որ կասկածի տակ են առնվում գրողի կրոնական համոզմունքները, երբ նա վեպի գլխավոր հերոսի` տաղանդավոր դերասան Սադայ Սադօղլիին «ուղևորում է» Էջմիածին՝ մեղքերը քավելու, քրիստոնեություն ընդունելու և անձամբ կաթողիկոսի օրհնությունը ստանալու համար: Հոգեբանորեն ճիշտ չէ նաև այն միտքը, որ ծագում է տաղանդավոր դերասանի հոգում. դառնալ վանական և աղոթել Աստծուն` մուսուլմանների` հայերի նկատմամբ կիրառված դաժանությունները ներելու համար: Այս միտքը Սադայի մտքում ծագում է սումգայիթյան մի գիշերվա դեպքերից հետո: Ուշագրավ է, որ հեղինակն ընդունում է սումգայիթյան դեպքերը և կատարում շեշտադրում` ապաշխարման մղելով իր ազգակիցներին: Այստեղ ևս առկա է կրոնական ինքնությունից հեռանալու միտումը: Հեղինակը, ըստ էության, երկրորդ անգամ մերժում է Ալլահին: Մինչդեռ մուսուլմանների գործած մեղքերի համար կարելի է հայցել նաև նույն Ալլահի թողությունը: Այս առումով վեպի առանձին հատվածներում ակնհայտ է դառնում նաև մուսուլմանական կրոնի անհանդուրժողականության իրողությունը: Մինչդեռ ազգային ինքնության քաղաքականության միավորներից է նաև կրոնը: Գլխավոր հերոսի՝ Սադայի համար հայերը երկնային հրեշտակներ են, և նա իր անձից առավել է անհանգստանում Բաքվում բնակվող յուրաքանչյուր հայի համար:
Պետք է նկատել, որ սոցիալական և ազգային ինքնությունն անհատի սեփական ինքնագիտակցության այն կարևորագույն բաղադրիչն է, որը նրա համար արժեքային նշանակություն ունի: Չմոռանանք, որ Ադրբեջանի սոցիալական փոխազդեցության համակարգը թողում է իր ազդեցության կնիքը անհատների ինքնության ձևավորման վրա: Այսինքն՝ չպետք է խմբային ինքնությունից դուրս դիտարկել անհատի ինքնության հարցը: Այս համատեքստում ադրբեջանցի գրողի անհատական ինքնության հարցն ունի պարադոքսալ կամ կոնտրաստային երանգավորումներ: Կամ նրա՝ անհատի ինքնությունը գերազանցում է ազգային ինքնության տրամաբանությանը: Եվ այն աղմուկը, որ ստեղծվել է ադրբեջանցի հայտնի գրողի շուրջը, ըստ էության, ադրբեջանական հանրույթի ազգային ինքնավարության և ի դեմս Այլիսլիի, մարդու համընդհանուր իրավունքների իրարամերժության արդյունք է: Վեպի վերլուծությունից պարզ է դառնում Ադրբեջանի ազգային ինքնության մասնատված պատկերը, և այդ պատկերը ներկայացնում է նույն այդ երկրի հայտնի մտավորականը, որի հոգեկան աշխարհում պատերազմում են համամարդկային և ազգային արժեքները:
«Քարե երազներ» հակամարտող կողմերի՝ երկխոսության ծավալման յուրատեսակ նախապայման է ենթադրում, որը, թերևս, անհնար էր ԽՍՀՄ կազմալուծմանը հաջորդած առաջին տարիներին:
Այնուհանդերձ, «Քարե երազներ» գիրքը կարողացել է ապահովել, այսպես ասած, օրեոլի էֆեկտը /Halo Effect/ [6, 1], և ստեղծված տպավորությունը, իրոք, բացառիկ է այն առումով, որ առաջին անգամ ադրբեջանցի մտավորականը հանդես է գալիս հանդուրժողականության, հումանիզմի կոչով:
Պատմության ուսումնասիրումը վկայում է, որ միջէթնիկական բոլոր շփումները չէ, որ ձևավորում են դրական միջէթնիկական կարծրատիպեր: Վերջինիս ձևավորման համար անխուսափելի են հավասարության ու վստահության անպայման առկայությունը, ինչը չդրսևորվեց ոչ միայն Ղարաբաղի հայեր-ադրբեջանցիներ, այլև հայ-թուրքական դարավոր շփումներում: Դրական էթնիկական կարծրատիպերի ձևավորման համար անխուսափելի պայման է դիտվում միմյանց ավանդական նորմերի ու արժեքների նկատմամբ դրսևորվող փոխադարձ հարգանքը, որը կարող է դառնալ հակամարտության կարգավորման կամ կոնֆլիկտի տրանսֆորմացիայի նախադրյալ:

Поделиться этой страницей: