«Վերածնվող Արցախ» ազգային շարժման անդամներն այցելել են Մեսրոպ Մաշտոց Համալսարան
Մեսրոպ Մաշտոց Համալսարանում այսօր՝ ապրիլի 28-ին, «Վերածնվող Արցախ» ազգային շարժման անդամները հանդիպել են բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ:Բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ողջունել ու կարևորել է նման հանդիպումները՝ ընդգծելով, որ այս ծանր ժամանակահատվածում շատ կարևոր դեր ու ասելիք ունեն հենց մտավորականները: Շարժման ակտիվիստները ներկայացրել են իրենց նպատակներն ու առաջնահերթությունները, որոնք վերաբերում են Արցախի անվտանգությանն ու արցախահայության բարօրությանը: Անդրադարձ է կատարվել նաև երկրի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման ուղիներին: «Վերածնվող Արցախ» ազգային շարժման անդամներն այս ծանր իրավիճակում կարևորել ու արժևորել են մտավորականության դերն ու նշանակությունը:Նրանք պատրաստակամություն են հայտնել նաև համագործակցելու և սատարելու ցանկացած մտավորականի հայրենանպաստ նախաձեռնություն, ինչը հետապնդում է համազգային հավաքական շահ։ Բանախոսները ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջնահերթ խնդիրը համարում են միասնականությունն ու համախմբվածությունը:Հանդիպման երկրորդ հատվածում մասնակիցները կիսվել են եկել մտահոգություններով՝ խոսել ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերի մասին: Բովանդակային ու կառուցողական քննարկումների արդյունքում գտնվել են համագործակցության եզրեր։