Ստեփանակերտում կայացել է ՄՄՀ ուսանողուհի՝ Սվետլանա Ասրյանի «Պատերազմն իմ աչքերով» գրքի շնորհանդեսը

Նախօրեին՝ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում կայացել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի “Կովկասագիտություն” բաժնի ուսանողուհի Սվետլանա Ասրյանի «Պատերազմն իմ աչքերով» գրքի շնորհանդեսը:

 

Միջոցառմանը հնչել է Արցախի հիմնը, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան բոլոր պատերազմներում նահատակվածների սուրբ հիշատակը։ Սվետլանա Ասրյանն գրքում պատմում է Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ նահատակված իր մտերիմ ընկերների մասին։ Ցավով ու ափսոսանքով է խոսում այն տղաների մասին, ովքեր հայրենիքը վեր դասեցին ամեն ինչից, և հանուն Արցախի զոհաբերեցին իրենց սեփական կյանքը։ Գրքում բացի բանաստեղծություններից, գրված են նաև հեղինակի՝ 13 անմահացած ընկերների կեսագրությունները։

Գրքի շնորհանդեսին ելույթով հանդես է եկել Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը։ Նրա խոսքով՝ ցավալի է, որ երիտասարդ գրողը գրում է պատերազմի, կորսված հայրենիքի, անձնուրաց ու անդավաճան ընկերների կիսատ մնացած կյանքերի մասին։ “Այս քաջ հայուհին մեր համալսարանի երկրորդ ուսանողուհին է, ով գիրք է նվիրում զոհված տղաների հիշատակին: Ուզում եմ Սվետլանային ու բոլորիս մաղթել խաղաղություն, որպեսզի այսուհետ գրվող բոլոր ստեղծագործությունները լինեն սիրո, գեղեցկության, խաղաղության ու երազանքների մասին”,- իր ելույթում մասնավորապես ավելացրել է Դ. Գաբրիելյանը: Շնորհավորանքի խոսք է ասել նաև «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ուսխորհրդի փոխնախագահ Էռնա Սողոմոնյանը։

Նա բարձր է գնահատել Սվետլանայի կարողությունները, հմտությունները և ներուժը։ Գրքի սրբագրիչ Անուշ Բաբայանը Սվետլանայի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին էր։ Ի դեպ, Սվետլանան սովորել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյաննի անվան ռազմամարզական վարժարանում: Միջոցառման վերջում՝ Սվետլանա Ասրյանն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են ներդրել այդ գրքի տպագրման ու շնորհանդեսի կայացման համար:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`