Ռեկտոր

Դոնարա Սերգեյի Գաբրիելյան

ՄՄՀ ռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՄՄՀ պրոֆեսոր,ԱՀ վաստակավոր մանկավարժ, Բնության և հասարակության սլավոնական ակադեմիայի պատվավոր դոկտոր,Վիեննայի միջազգային համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Եվրոպայի ռեկտորների ակումբի անդամ

Դոնարա Սերգեյի Գաբրիելյանը ծնվել է 1952թ. դեկտեմբերի 15-ին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան համար 3 դպրոցը: 1970թ. ընդունվել է Ղրիմի մանկավարժական ինստիտուտը, 1974թ. ավարտել է Սիմֆերոպոլի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը` ՙՌուսաց լեզու և գրականություն՚ մասնագիտությամբ: 1974-2002 թթ. դասավանդել է ԱրՊՀ ռուսաց լեզվի եւ գրականության ամբիոնում, 1999-ից բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալն էր: 2001թ. ընտրվել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր: 2008թ. փետրվարի 15-ին ՀՀ ԲՈԿ-ի կողմից նրան շնորհվել է մանկավարժական գիտությունների թեկնածուի աստիճան, 2010թ. նույն հանձնաժողովի կողմից` դոցենտի գիտական կոչում: Դոնարա Գաբրիելյանը Բնության եւ հասարակության սլավոնական ակադեմիայի պատվավոր դոկտոր է: ՙՈրակի Եվրոպական Գրան-պրի՚ կազմկոմիտեի կողմից հիմնադրված շվեյցարական կազմակերպության (OPI) արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների աջակցության (”EMA Invest”) հիմնադրամի նախաձեռնությամբ առաջադրվել է որպես պատվավոր պարգև հայցող թեկնածու։ 2007 թվականից Դ. Գաբրիելյանը Եվրոպայի ռեկտորների ակումբի անդամ է: Եվրոպական կրթական դաշտի ինտեգրման ուղղությամբ կատարված աշխատանքների համար Դ.Գաբրիելյանն արժանացել է Սոկրատեսի անվան միջազգային մեդալի: Գիտության, կրթության և բիզնեսի ոլորտում միջազգային հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Դ. Գաբրիելյանին շնորհվել է Վիեննա քաղաքի «Միջազգային համալսարանի պատվավոր պրոֆեսորի» կոչում: 2018 թ. փետրվարի 19-ին ԼՂՀ նախագահի հրամանով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:ԱՀ նախագահի 2023 թվականի մարտի 23-ի հրամանագրի համաձայն՝ կրթության բնագավառում երկարամյա արդյունավետ գործունեության և ունեցած նշանակալի վաստակի համար ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանին շնորհվել է ԱՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում։

Ոչ պետական համալսարան ստեղծելու գաղափարը մեզ մոտ ծնվեց 1996թ. սեպտեմբերին։ Նույն տարում ստացանք մեր նպատակ­ների իրականացման համար հավաստագիր` ստեղծել նորարարական բուհ, վերակենդանացնել մինչհեղափոխական Ղարաբաղի լավագույն կրթական ավանդույթները, երբ ծայրամասի ուսումնական հաստատու­թյուն­ների շրջանավարտները փայլուն կերպով շարունակում էին իրենց կրթությունը Ռուսաստանի և Եվրոպայի առաջատար բուհերում։

Մեսրոպ Մաշտոց Համալսարանը ԼՂՀ առաջին ոչ պետական բուհն է։ Այն ստեղծվել է որպես երկրում տիրող սոցիալ-տնտեսական պայմաննե­րին համարժեք արտացոլանք։

Մեր բուհի, ինչպես և ԱՊՀ բոլոր ոչ պետական բուհերի ծնունդն աշխատաշուկայում տնտեսական, իրավաբանական, հումանիտար մաս­նա­գետների պահանջարկի արձագանքն է։ Դրա առաջացումը ծնվել է քաղաքական նկատառումներով` բարձրագույն կրթական համակարգում պետության մենաշնորհը վերացնելու նպատակով։

Այսօր հաջողակ կարող է լինել միայն այն բուհը, որը թողարկում է բարձր որակի «արտադրանք»։

Ինքնավար լինելն ու շարժունակությունը մեր համալսարանին հնարավորություն տվեցին արագ կողմնորոշվելու և ընտրել այնպիսի մասնագիտություններ, որոնք պահանջված են աշխատաշուկայում։ ՄՄՀ պատրաստում է մասնագետներ տեղեկատվական տեխնոլոգիաների, կառավարման, իրավունքի, կովկասագիտության և հումանիտար գիտու­թյուն­ների ոլորտներում։ Կրթության որակի բարձրացման համար հրավի­րում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետներ Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից։

Հանդիսանալով Եվրոպայի ռեկտորների ակումբի անդամ և կապ ունենալով արտասահմանյան առաջատար կազմակերպությունների հետ, այցելելով աշխարհի լավագույն բուհերը` մենք հնարավորություն ունեցանք բավականաչափ ծանոթանալու Ֆրանսիայի, Անգլիայի, Իս­պանիայի, Ավստրիայի, ԱՄՆ, Ճապոնիայի, Արաբական Միացյալ Էմիրու­թյունների բարձրագույն կրթական համակարգերի հետ։ Համա­ձայն Բոլոնյան համաձայնագրի սկզբունքների` եվրոպական կրթական համա­կարգի ներգրավման անհրաժեշտությունը մեզ հնարավորություն տվեց գնահատել ժամանակակից իրողությունները, միավորել արևմտյան կրթա­կան համակարգի և սովետական ավագ դպրոցի լավագույն ավանդույթները։ Կրթության նորարարական մոտեցումը չի բացառում սովետական դպրոցի հիմնարարության և համակարգվածության պահ­պանումը։

Մեր կողմից մշակվել է ՄՄՀ զարգացման ռազմավարությունը։ Այն ուղղված է առաջնային խնդրի լուծմանը, որը դարձել է մեր նշանաբանը` «Անել այն ամենը, ինչը կարող է օգուտ բերել երկրին»։

Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին։

2016 թվականից` Ապրիլյան պատերազմից հետո, մեր համալսա­րանը սկսեց պատրաստել կովկասագետներ` տարածաշրջանի լեզունե­րի ուսումնասիրությամբ` ադրբեջաներեն և պարսկերեն:

Քառասունչորսօրյա պատերազմից հետո սոցիալական աշխա­տող­ները դարձան պահանջված, և ՄՄՀ-ն առաջինն էր, որ բացեց մագիս­տրատուրա այս մասնագիտությամբ: Այսօր մի խումբ ուսուցիչներ Ար­ցա­խի դպրոցներում վերապատրաստման դասընթացներ են անցկացնում համընդհանուր ներառական կրթության բարելավման և որակի ապա­հով­ման նպատակով։

Այսպիսով` մեր գլխավոր ռազմավարական նպատակը հետևյալն է` ստեղծել այնպիսի բուհ, որում ներառված կլինեն հետևյալ գծերը`

  • աշխատաշուկայում մասնագետների փոփոխվող պահանջ­ներին արձագանքելու ճկունություն և շարժունություն,
  • կրթության նկատմամբ նորարարական մոտեցում,
  • կրթական գործընթացի համապատասխանեցում ուսանողի պահանջներին,
  • կրթության, սպորտի, ժամանցի և արտալսարանային միջոցա­ռում­ների կազմակերպան համար պայմանների հարմարավե­տություն,
  • գիտական հետազոտությունների զարգացում:

Մենք` մաշտոցականներս, ուրախ ենք ընդունելու յուրաքանչյուրին, ով բացում է մեր համալսարանի դռները, ով պատրաստ է մեզ հետ միասին ստեղծելու XXI դարի բուհը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կիսվել այս էջով`