Պետք է լինենք միակամ ու հաստատակամ. ՄՄՀ ՌԵԿՏՈՐԸ ելույթով հանդես է եկել Հանրահավաքին

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքին Արցախի մայրերի անունից ելույթ է ունեցել Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը։

Դ. Գաբրիելյանը ողջունելով հանրահավաքի մասնակիցներին՝ կարևորել է հայ ժողովրդի միասնականությունն ու միակամությունը։

Իր ելույթում՝ Դ. Գաբրիելյանն անդրադարձ է կատարել 1988 թվականին կայացած հայ ժողովրդի ինքնաբուխ հանրահավաքին, որը պատմական իրողություն է դարձել հայոց պատմության մեջ։

” Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է պաշտպանել հող հայրենին։ Այս հողը լոկ տարածք չէ, այլ հազարավոր հայորդիների արյամբ շաղախված սրբացած հայրենիք։ Այս ամենը հաշվի առնելով՝ Արցախը երբեք չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Մենք ապրել, ապրում և ապրելու ենք մեր Հայրենիքում՝ պատմական Արցախում։ Արցախը եղել և մնում է հայկական։Ազատ ու անկախ Արցախում ապրող յուրաքանչյուր ոք պետք է լինի պաշտպանված ու անվտանգ։ Մեր պահանջն արդար է, մենք հաստատակամ ենք ու վճռական։ Որպեսզի պատմական արդարությունը վերականգնվի պետք է լինենք միասնական ու համախմբված, չպետք է կոտրվել ու ընկճվել ստեղծված իրավիճակից. պետք է լինել հաստատակամ ու նպատակասլաց։ Քանզի միայն այս դեպքում կկարողանանք հասնել վերջնական հաղթանակի՝ Արցախը ազատ ու անկախ պահելու”,- իր ելույթում մասնավորապես ասել է Դ. Գաբրիելյանը։

Տեղեկացնենք, որ հանրահավաքին՝ երիտասարդության անունից ելույթ է ունեցել ՄՄՀ ուսխորհրդի նախագահ Հրաչ Սաիյանը։

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`