Նյու Յորքում տպագրվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հովիկ Ավանեսովի աշխատությունը

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում տպագրվել է  Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի «Հայոց ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում» (The Armenian Genocide in Western Armenia) աշխատությունը:

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի նախաշեմին ԱՄՆ-ում լույս տեսած 120 էջանոց աշխատությունը բովանդակում է փաստաթղթերի լուսանկարներ ու մեկնաբանություններ, որոնք փաստագրված ներկայացնում են այդ ոճրագործության պետական մակարդակով կազմակերպված լինելը, Թուրքիայի ցեղասպան և հակահայ քաղաքականությունը։Աշխատությունում ներկայացվում են նաև անպատժելիության հետևանքները՝ Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի և այլ վայրերում իրականացված ցեղասպանական գործողությունները։ Գրքում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։ Աշխատության երկրորդ գլուխը ներառում է մշակութային ցեղասպանությունն Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի կողմից բռնազավթված մի շարք այլ բնակավայրերում։Համեմատականներ են տարվում Արցախի օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի նույնանման քաղաքականության հետ՝ ցույց տալով, որ Թուրքիան և Ադրբեջանը հետևողականորեն նպատակ են հետապնդում ոչնչացնելու բռնազավթված բնակավայրերի հայկական ժառանգությունը։ Հստակ ընդգծվում է, որ անպատժելիությունը նոր հանցանքներ է ծնում: Քանի դեռ այդ ցեղասպանական գործողություններն ու հանցագործությունները համապատասխան պատժի չեն ենթարկվել, պարարտ հող են նախապատրաստում հետագա հանցագործությունների համար։ Աշխատությունում տեղ գտած փաստերը տարիների հետազոտության արդյունք են, իսկ որոշ փաստեր առանձին հոդվածներով տպագրվել են Ռուսաստանում և եվրոպական մի շարք երկրներում։

Կիսվել այս էջով`