ՄՄՀ ուսանողներն այցելել են Ստեփանակերտի Ս.Հակոբ եկեղեցի և մասնակցել առավոտյան ժամերգությանը
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Նանար Սիմոնյանը, «Գրաբար»-ի դասավանդման շրջանակներում, Հայոց լեզու և գրականություն մասնագիտության հեռակա բաժնի առաջին կուրսի ուսանողների հետ այցելել է Ստեփանակերտի Ս.Հակոբ եկեղեցի և մասնակցել ժամերգության: Գրաբարով կենդանի խոսք լսելն այցի գլխավոր նպատակներից մեկն էր։ «Դժվարին ժամանակներ ենք ապրում։ Առաջիկա մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին՝ ազգային արժեքները կարևորող, այդ արժեքներով ապրող ու գործող սերունդ պետք է դաստիարակենք։ Հին հայերենը՝ գրաբարը, մեր գերագույն արժեքներից է»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Նանար Սիմոնյանը։ Ի դեպ, Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս.Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օրը: Ժամերգությունից հետո Ս.Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը ուսանողներին և ժամերգության մասնակիցներին հանգամանորեն ներկայացրել է նաև այդ մեծություններին և նրանց հայրենանվեր գործունեությունը: Ժամերգության ավարտից հետո կազմակերպվել է քննարկում-ամփոփում։