«Գրաճանաչության ուսուցման ժամանակակից մեթոդները». բաց դաս
Օրերս Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Տարրական մանկավարժություն և մեթոդիկա (ՏՄՄ) բաժնի 2-րդ կուրսում՝ «Հայոց լեզվի տարրական ուսուցման մեթոդիկա» առարկայից, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Աիդա Զաքարյանը կազմակերպել է «Գրաճանաչության ուսուցման ժամանակակից մեթոդները» թեմայով բաց դաս:
Դասախոսության նպատակն էր՝ ուսանողներին տեղեկացնել, որ յուրաքանչյուր դարաշրջան իր ուրույն պահանջներն է առաջադրում դպրոցին՝ ուսուցման բովանդակության ու ձևի կատարելագործման առումով: Վերջին շրջանում մեզանում ևս որոշակի քայլեր ձեռնարկվեցին գրաճանաչության ուսուցման գոյություն ունեցող մեթոդի կատարելագործման ուղղությամբ և հանգեցրին նոր՝ վերլուծական- համադրական հնչույթավանկային մեթոդին, որն ուսուցման հիմքում դնում է գիտական հնչյունաբանության, լեզվի կառուցվածքի ըմբռնումը և լեզվական բավականին խոր ու մատչելի վերլուծությունն ու համադրությունը՝ նյութականացված, գրաֆիկական ու բանավոր խոսքի հիմքով, սակայն որպես կարդալու սկզբնական միավոր ընդունում է վանկը: Նոր ձևավորված մեթոդը բնորոշվում է իր հետևյալ առանձնահատկություններով: Ապահովել ուժեղ սկիզբ՝ նախապատրաստական շրջանի համար: Կարդալու սկզբնական կարողության ձևավորման հիմքում, որպես նվազագույն միավոր, դնել ոչ թե տառը, այլ՝ վանկը: Այս մեթոդը հնարավորություն է ստեղծում ուսումնական աշխատանքի տեմպի արագացման համար, որը կարևոր նշանակություն ունի՝ ինչպես ուսումնական ժամանակի արդյունավետ օգտագործման, այնպես էլ՝ կարդալու կարողության արագ ձևավորման տեսակետից:
Արդյունքում՝ դասարանը դառնում է մտածող, աշխատասեր, ուսուցումը բերում է հաջողության զվարթ զգացում և մտավոր զարգացում, աշակերտների մտածելու կարողությունների զարգացում, դպրոցական յուրաքանչյուր գործ վերլուծվում և գնահատվում է աշակերտների կողմից, ուսուցչի դերի սահմանափակում, նրան դիտելով որպես խորհրդատու և «գիտելիքների աղբյուր», որը միշտ օգնության կհասնի: