ՄՄՀ-ում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված գոհաբանության օրվան

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի օտար լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ այսօր՝ նոյեմբերի 24-ին, կազմակերպվել է Գոհաբանության օրվան նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցել են բուհի «Անգլերեն լեզու և գրականություն», «Թարգմանչական գործ» և «Կովկասագիտություն» բաժինների 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները:

Օտար լեզուների ամբիոնի վարիչ Գայանե Գրիգորյանի խոսքով՝ ԱՄՆ-ում Գոհաբանության օրը նշվում է ամեն տարվա նոյեմբեր ամսվա վերջին՝ հինգշաբթի օրը:Միջոցառման ընթացքում բուհի ուսանողները ներկայացրել են Գոհաբանության օրվա խորհրդանիշ հանդիսացող ուտեստների և քաղցրավենիքի պատրաստման եղանակները, ինչպես նաև անգլերեն լեզվով պատմել տոնի նախապատմությունը:

   Միջոցառումն անց է կացվել ջերմ ու գեղեցիկ մթնոլորտում: Գ. Գրիգորյանը տեղեկացրել է նաև, որ ընդունված ավանդույթի համաձայն՝ ԱՄՆ-ում ամեն տարի այս տոնին դրամահավաք է հայտարարվում, որից ստացած ողջ հասույթն ուղղվում է որևէ բարեգործական ծրագրի իրականացման: Հաշվի առնելով այդ ամենը՝ ՄՄՀ-ն անմասն չմնաց բարի ավանդույթից ու մինչև շաբաթվա վերջ հայտարարեց դրամահավաք, որի ողջ հասույթը կտրամադրվի Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հիմնական դպրոցի նախադպրոցական խմբի սաների համար սպորտային իրեր ձեռք բերելուն: Տոնական միջոցառմանը ներկա էին ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողներ, ովքեր մեծ ոգևորությամբ ու դրական լիցքերով են հեռացել միջոցառումից:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`