ՄՄՀ-ում կազմակերպվել է «Ադրբեջանի ցեղասպան վարքագիծը և պետական ահաբեկչական քաղաքականությունը» խորագրով կլոր սեղան- քննարկում

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ այսօր՝ մարտի 31 -ին, բուհում կայացել է «Ադրբեջանի ցեղասպան վարքագիծը և պետական ահաբեկչական քաղաքականությունը» խորագրով կլոր սեղան։ Հիմնական բանախոսներն էին,ՄՄՀ,Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը, ՄՄՀ Ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ) նախագահ Մարիա Հակոբյանը,ՄՄՀ ՈՒԳԸ անդամ Նելլի Խաչատրյանը։ Կլոր սեղանին անդրադարձ է կատարվել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության կազմավորմանը, անպատժելիության հետևանքներին, Արցախի շրջափակմանը, մշակութային ժառանգության ոչնչացմանն ու յուրացմանը, սահմանամերձ բնակավայրերի թիրախաորմանը։ Հովիկ Ավանեսովի խոսքով՝ միջոցառման առիթը 1920 թվականի մարտի 23-ի Շուշիի հայերի ցեղասպանությունն ու դրան հաջորդած Մարաղայի, Բաքվի, Սումգայիթի, Գանձակի,Կիրովաբադի ջարդերն են:

Բանախոսը նշել է, որ Ադրբեջանը, ստղծման պահից ի վեր, որդեգրել է հայկական պետականությունն ու հայկական քաղաքակրթությունը ոչնչացնելու քաղաքականություն՝ իրականացնելով մի շարք ցեղասպանություններ, բռնազավթելով հայկական բազմաթիվ բնակավայրեր, ոչնչացնելով ու յուրացնելով հազարամյակներով ստեղծված պատմամշակութային ժառանգությունը:

«Ադրբեջանը, 1918 թվականից սկսած, իրականացրած իր բոլոր հանցանքերի համար չի ստացել որևէ պատիժ, ինչն էլ պարարտ հող է նախապատրաստել հետագա հանցագործությունների համար, այդ թվում՝ մի շարք ռազմական հանցագործություններ՝ Արցախի և Հայաստանի նկատմամբ իրականացրած ռազմական ագրեսիաների ժամանակ: 100 օրից ավել, կեղծ բնապահպանական ակցայի անվան տակ, շրջափակման մեջ պահելով Արցախի Հանրապետությունը՝ զուգահեռ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի և խաղաղ բնակչության, կիրառելով հոգեբանական ահաբեկչություն, պարբերաբար կրակելով հայկական դիրքերի և հերթափոխման գնացող ոստիկանության մեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում ունեցանք զոհեր և վիրավորներ»,- մասնավորապես իր ելույթում ասել է Հ. Ավանեսովը։Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի ունեցել և չի էլ ունենա խաղաղության օրակարգ: Որպես մասնագետ և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ականատեսի ընտանիքից սերված՝ բանախոսն արձանագրել է, որ Ադրբեջանը չի փոխի իր ցեղասպան դիմագիծը:

 

ՄՄՀ ՈՒԳԸ նախագահ Մարիա Հակոբյանն էլ անդրադարձել է Մարաղայի ողբերգությանը։Նրա խոսքով՝ Ադրբեջանի ագրեսիայի ամենադաժան,ամենաողբերգական դեպքերից է Մարաղայի ցեղասպանությունը։ 1992 թ. ապրիլի 10-ին՝ տևական հրետակոծումից հետո, ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժեցին ավան։ Մարաղայի ողբերգությունն այդպես էլ համապատասխան գնահատականի և ուշադրության չի արժանացել միջազգային հանրության շրջանում։

ՄՄՀ ՈՒԳԸ անդամ Նելլի Խաչատրյանն էլ ասել է, որ Թուրքիայի ցեղասպան և զավթողական քաղաքականության արդյունքում է, որ 1918 թվականին ձևավորվում է «Ադրբեջան» անվանմամբ արհեստատածին կազմավորումը: Եվ հենց այդ ժամանակներից սկսած՝ Թուրքիայի հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը որդեգրում է նաև Ադրբեջանը, որն իրականացնում է պետական մակարդակով՝ մանկապարտեզից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ։
Տարբեր ժամանակներում հայ ժողովուրդն ականատես է եղել բազմաթիվ ցեղասպանությունների, իսկ միջազգային հանրությունը լուռ էր այդ հարցերում։ Նա նաև անդրադարձել է Սումգայիթյան ջարդերին։ «Սումգայիթի դեպքերի վերբերյալ կան նաև վկայություններ ականատես ադրբեջանցիների կողմից: Օրինակ՝ Սումգայիթ քաղաքի բնակիչ Նաթիգ Ջավադլըն 2013 թ. BBC–ին տված հարցազրույցում նշել էր, որ մի թաղամասում տեսել էր, թե ինչպես էին կոտորում երեխաներին, և նույնիսկ նրանցից մեկի աղիողորմ ձայնը լսվում էր դռնից: Շատերի աչքի առաջ էր տեղի ունենում այդ ամենը, և շատերը հետաքրքրասիրությամբ նայում էին:Պետական մակարդակով մշակված, նախապես պլանավորված այս հանցագործությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ ցեղասպանություն»,- ավելացրել է Ն. Խաչատրյանը։Բաքվի արյունալի դեպքերից հետո Ադրբեջանի տարածքում հայ չի մնացել: Բաքվի 200 հազարից ավելի հայերն ապաստան են գտել Հայաստանում և ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում։ Միջոցառմանը ներկա էին նաև ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը։ Վերջում լրագրողները հանդես են եկել հարցադրումներով։

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`