Այսօր՝ հուլիսի 8-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանում կայացել է Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի՝ «Խաղաղության ադրբեջանական ընկալումները» թեմայով մամուլի ասուլիսը։
Ըստ բանախոսի՝ ասուլիսի թեմայի ընտրությունը պայմանավորված է վերջին ժամանակահատվածում խաղաղության մասին ակտիվորեն քննարկումներով։ Հ. Ավանեսովն ընդգծել է, որ 1918 թվականից սկսած, երբ աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեց արհեստածին Ադրբեջան պետությունը, հայատյացությունը և ցեղասպան քաղաքականությունն այդ պետության քաղաքականության հիմնական ծրագիրն է համարվել։ “Տարբեր ժամանակներում հայ ժողովուրդը ականատես է եղել բազմաթիվ ցեղասպանությունների, իսկ միջազգային հանրությունը լուռ էր այդ հարցերում։ Պետք է պարբերբար բարձրաձայնել յուրաքանչյուր խնդրի մասին և դասեր քաղել անցյալի սխալներից։Ադրբեջանը երբևիցե խաղաղության օրակարգ չի ունեցել և չի էլ ունենալու։ Պետական մակարդակով Ադրբեջանում իրականացվում է հայատյաց քաղաքականություն՝ սկսած մանկապարտեզից, մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ”,-մասնավորապես ասել է Հ. Ավանեսովը։
Բանախոսը, որպես օրինակ ներկայացրել է հետևյալը. 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի մանկական խաղալիքների խանութներում հայտնվել են հայ զինվորի կերպարով խաղալիքներ, որոնց կողքին դրված են դանակ և կտրող այլ գործիքներ։ Իսկ երեխաներին միայն մի բան են հորդորում. “համարեք ձեր թշնամին է և պետք է տանջամահ անեք”։ “Մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ Ադրբեջանում, նույնիսկ իշխանափոխության դեպքում, հայերի նկատմամբ վերաբերմունքը չի փոխվի։ Իսկ ադրբեջանցիների հետ կողք-կողքի ապրելը՝ պարզապես անհնար է”,-ընդգծել է Հ.Ավանեսովը։ Նա նաև անդրադարձ է կատարել հայկական բնակավայրերի տեղանուններին, որոնք կարևոր և անհրաժեշտ են մանավանդ այս իրավիճակում։ Ասուլիսի վերջում բանախոսը պատասխանել է լրագրողների հարցերին։
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ավելին՝