ՄՄՀ-ում կայացել է ուսանողական բանավեճ

ՄՄՀ ռուսաց լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ՝ հունիսի 14-ին «Արցախի անկախության ճանաչումը՝ որպես փրկություն» թեմայով կայացել է բանավեճ, որին մասնակցում էին հումանիտար ֆակուլտետի  “Կովկասագիտություն” մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները:

Առաջին փուլում թիմերը ներկայացրել են իրենց անձնական դիրքորոշումը թեմայի վերաբերյալ։Երկրորդ փուլում բանավեճի մասնակիցները հնարավորություն են ունեցել միմյանց հարցեր ուղղել, իսկ երրորդ փուլում՝ ամփոփել սեփական փաստարկները։ Հանրային ելույթ ունենալու և բանավեճին ակտիվ մասնակցելու հմտությունները գնահատում էին ժյուրիի անդամները։

Հարկ է նշել, որ բուհում հաճախակի են կազմակերպում բանավեճեր, որոնց ընթացքում ուսանողները բացահայտում են իրենց ունեցած ներուժը: Նման քննարկումները թույլ են տալիս արդյունավետ զարգացնել քննադատական մտածողության, հրապարակային ելույթի և կառուցողական վեճի հմտությունները։ Ընդ որում, ենթադրվում է, որ բանավեճի մասնակիցներն ամենևին էլ պարտադիր չէ, որ իրականում պահպանեն այն տեսակետը, որը նրանք պաշտպանում են բանավեճի ընթացքում։

Ավելին՝ հաղորդակցության հմտությունների մշակման առումով ավելի օգտակար է համարվում այն տեսակետի պահպանումը, որի հետ ուսանողները իրականում համաձայն չեն։ Նման ձևաչափով բանավեճի կազմակերպումը միտված էր, որպես նոր մեթոդի կիրառում, ուսանողների շրջանում անցկացնել ռուսաց լեզվի քննություն:

Միջոցառման մասնակիցներն արժանացել են վկայականների։

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`