ՄՄՀ-ում կայացել է ««Թարգմանչական գործ» մասնագիտությամբ մրցունակ մասնագետներ պատրաստելու ուղիները» թեմայով կլոր սեղան-քննարկում

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Մեսրոպ Մաշտոց Համալսարանում կայացել է ««Թարգմանչական գործ» մասնագիտությամբ մրցունակ մասնագետներ պատրաստելու ուղիները» թեմայով կլոր սեղան-քննարկում: Բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը կարևորել է նման քննարկումները, որոնց ընթացքում առաջանում են նոր գաղափարներ, ինչպես նաև հաշվի են առնվում բացթողումները և նախանշում անելիքները:Քննարկմանը մասնակցել են ԱՀ պետական կառույցների ներկայացուցիչներ, որոնք ակտիվորեն հանդես են եկել առաջարկներով և բարձրաձայնել մի շարք խնդիրներ: ՄՄՀ օտար լեզուների ամբիոնի վարիչ Գայանե Գրիգորյանի խոսքով՝ կլոր սեղանի նպատակն է ամրապնդել և ընդլայնել գործատուների հետ Համալսարանի համագործակցությունը և աջակցել մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման գործընթացին:

Գործատուների հետ ինտենսիվ համագործակցության արդյունքում ձևավորել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող որակյալ մասնագետի ընդհանրական դիմանկար, պատրաստել գործատուների պահանջներին համապատասխան մասնագետ, առավել արդյունավետ դարձնել Համալսարանի և գործատուների համագործակցությունը և օգնել շրջանավարտներին աշխատանք գտնելու հարցում: ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՄՄՀ նախկին շրջանավարտ Դավիթ Մելքումյանը ներկայացրել է ԱՀ ԱԺ-ի կողմից թարգմանության ոլորտում իրականացվող գործունեությունը: Նրա խոսքով՝ տարբեր միջազգային կառույցների և քաղաքական ՀԿ-ների համար ԱՀ ԱԺ հայտարարությունների թարգմանությունները հստակ հիմք են հանդիսանում՝ որոշումներ կայացնելու գործում:

Խիստ կարևոր հայտարարությունների դեպքում պետական համակարգում կատարված թարգմանությունները վերանայվում են ոլորտային թարգմանիչների կողմից: Մեր երկրի աշխատաշուկայի պահանջներն ու կրթական համակարգի վիճակը բարելավելու համար՝ անհրաժեշտ է մշակել մասնագետի ժամանակակից մոդել, որը կարող է բավարարել աշխատաշուկայի պահանջները և արդարացնել գործատուների ակնկալիքները։ Շրջանավարտների վերոնշյալ մոդելի ձևավորումը հնարավորություն կընձեռի բավարարել տարածաշրջանի աշխատաշուկայի պահանջները, առավել արդյունավետ դարձնել շրջանավարտ-գործատու փոխհարաբերությունը: Համալսարանի Ռազմավարական ծրագրի շրջանակում կարևորվում են տարածաշրջանի և Արցախի զարգացման գործում ՄՄՀ-ի ներդրումը և մրցունակ ՄԿԾ-ներ ունենալը:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`