ՄՄՀ-ում կայացել է Ծովինար Բաղդասարյանի «Կյանքի ճանապարհ» գրքի շնորհանդեսը

ՄՄՀ-ում կայացել է Ծովինար Բաղդասարյանի «Կյանքի ճանապարհ» գրքի շնորհանդեսը

Այսօր՝ մարտի 8-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում կայացել է ԱՀ գրողների միության անդամ Ծովինար Բաղդասարյանի «Дорога жизни» /«Կյանքի ճանապարհ»/ռուսալեզու գրքի շնորհանդեսը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը։ Նա արժևորել է գրողի նոր գիրքը՝ նշելով, որ շատ կարևոր է շրջափակման մեջ գտնվող Արցախի ու արցախցու մասին տարբեր հարթակներում, ինչպես նաև՝ ստեղծագործությունների միջոցով խոսելը։ Բուհի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանի խոսքով՝ բանաստեղծուհին իր ստեղծագործական ուղին սկսել է Արցախյան շարժման օրերին։ «Նա արձագանքել է յուրաքանչյուր իրողության՝ լույս ընծայելով տասը գիրք։

Շրջափակման օրերին արցախցու հոգեվիճակը, մտորումները, ցավն ու սպասելիքները, ոգին և ուժը բանաստեղծուհին կարողացել է դրսևորել։ Նրա ձայնը ուրախության, մայրական սիրո ու ջերմության մասին է»,-ավելացրել է Ա.Բաղդասարյանը։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ Սոկրատ Խանյանն էլ ասել է. «Նրա բանաստեղծություններում զգացվում է լավատեսություն, ցավին դիմակայելու ուժ, կյանքի ու արարումի մեծ էներգիա: Որպես քաղաքացի և բանաստեղծուհի՝ Ծովինարն ապացուցել է՝ ինչպես կարելի է արվեստի միջոցով դիմակայել ճակատագրի անկանխատեսելի հարվածներին և կյանքում զբաղեցնել արժանի տեղ ու դիրք»: Գրքի հեղինակի խոսքով՝ իր հերթական ժողովածուն ստեղծվել է Արցախի շրջափակման օրերին։ Շարունակվող շրջափակման ամեն մի օրը ծնվել է մի նոր բանաստեղծություն։ «Արցախի կյանքի ճանապարհը մինչ օրս փակ է, բայց Արցախն ապրում է, արարում, այստեղ ծնվում են երեխաներ։ Դրա համար այս գիրքը լույս տեսավ, իսկ էջերում մեծ հույս կա, սեր ու հավատ՝ մեր պայծառ գալիքի հանդեպ»,-մասնավորապես ասել է Ծ. Բաղդասարյանը։ Միջոցառմանը շնորհավորանքի ու գնահատանքի խոսքերով են հանդես եկել գրողի գրչակից ընկերները։

Կիսվել այս էջով`