
Այսօր՝ հունվարի 14-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ բուհում կայացել է «Անպատժելիության հետևանքները» խորագրով մամուլի ասուլիս՝ նվիրված Բաքվի հայերի ցեղասպանության 33-րդ տարելիցին։ Հիմնական բանախոսը՝ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովն էր : Մինչև ասուլիսի մեկնարկը մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Հովիկ Ավանեսովի խոսքով՝ ուղիղ 33 տարի առաջ Բաքվում սկսվեց պետական մակարդակով կազմակերպված հայերի ցեղասպանությունը։ «Մենք պետք է հստակ արձանագրենք, որ Բաքվի ցեղասպանությունը չի սկսվել 1990 թվականի հունվարի 13-ին։ Երբ դեռ 1988 թվականին Սումգայիթում տեղի էր ունենում հայերի զանգվածային ջարդը, դրան զուգահեռ և՛ Բաքվում և՛ Ապշերոնում կազմակերպված ձևով իրականացվում էր հայերի կոտորած։ Բաքվի ցեղասպանությունից առաջ բոլոր կազմակերպիչների ձեռքի տակ եղել են այնպիսի տվյալներ, որոնք առկա են միայն պետական մարմինների մոտ։ Խոսքը վերաբերում է հայերի բնակության վայրին, հեռախոսահամարներին։ Եվ ինչպես Սումգայիթում, այնպես էլ Բաքվում, ցեղասպանությունից առաջ կապի բոլոր միջոցներն անջատված էին միայն հայերի տներում»,- իր ելույթում ասել է Հ. Ավանեսովը: Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում նշվում էր, որ կա 90 զոհ, այնուհետև պաշտոնական շրջանառության մեջ դրվեց 300 թիվը։ ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի հետազոտական թիմը, Երևանի գործընկերների հետ համատեղ, հատուկ մեթոդաբանության կիրառմամբ և՛ Սումգայիթի, և՛ Բաքվի զոհերի թիվը հստակեցրել է՝ հաշվի առնելով մի շարք չափորոշիչներ։ «Մեր հետազոտության արդյունքում պարզել ենք, որ Բաքվում 1990 թվականին առնվազն 3 հազար զոհ ենք ունեցել։ Հայերի դիակների մի մասը հայտնվել էր ծովում, մի մասն էլ Բաքվից բեռնատար մեքենաներով տեղափոխել են մերձակա քաղաքների դիահերձարաններ, ինչն ավելի է բարդացրել զոհերի հստակ թվաքանակի ճշգրտման գործընթացը»,- տեղեկացրել է Հ. Ավանեսովը։ Բանախոսը ցավով է նշել, որ մինչ օրս Բաքվի ցեղասպանության կազմակերպիչները ոչ միայն չեն պատժվել, այլև մինչ օրս զբաղեցնում են պետական բարձր պաշտոններ: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի անպատժելիության հետևանքով ծնվեց հերթական նոր հանցագործությունը՝ Արցախի շրջափակումը, որը հանգեցրել է հումանիտար լուրջ խնդիրների։ Ասուլիսի վերջում լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցեր են ուղղել բանախոսին:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն






