ՄՄՀ-ում ամփոփել են «Կովկասագիտություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողների փորձուսուցման արդյունքները

Մարտի 14-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում անդրադարձել են «Կովկասագիտություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողների փորձուսուցման արդյունքներին։Կլոր սեղանին ներկա էին ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը, փորձուսուցման բաժնի ղեկավար Մելանյա Արզումանյանը, Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի
(ՌՀԱԿ) ղեկավար Ղարիբ Բաբայանը,փորձուսուցման ղեկավար Հովիկ Ավանեսովը, ՄՄՀ Հումանիտար ֆակուլտետի դեկան Արինա Գրիգորյանը։

Կլոր սեղանը վարում էր ՄՄՀ փորձուսուցման բաժնի ղեկավար Մելանյա Արզումանյանը։
Նա իր խոսքում անդրադարձել է փորձուսուցման ընթացքին, ինչպես նաև՝ ուսանողների կողմից բարձրացված հարցերին։

Նշենք, որ 2023 թվականի փետրվարի 22-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնում փորձուսուցում են անցել Մեսրոպ Մաշտոց Համալսարանի «Կովկասագիտություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողները: Փորձուսուցման ընթացքում ուսանողները ծանոթացել են Կովկասյան տարածաշրջանի առկա հիմնախնդիրներին, ժողովուրդներին, լսել ՌՀԱԿ ղեկավար, փ.գ.թ., դոցենտ Ղարիբ Բաբայանի դասախոսությունները։ Կազմակերպվել են հանդիպումներ «Արցախի հեղափոխական կուսակցության» ղեկավար Արտուր Օսիպյանի, «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Լևոն Ղուլյանի, 1988թ. շարժման ակտիվիստ Ռադիկ Հայրիյանի, Լեռնային Ղարաբաղի Ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի, Ահ նախագահին կից գործող Հանրային խորհրդի ներկայացուցիչների և ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար Դավիթ Մելքումյանի հետ։

Միջոցառմանը փորձուսուցման ղեկավար Հովիկ Ավանեսովը շեշտեց, որ ուսանողները մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում գրականություն որոնելու համար: Նա հորդորեց լինել պատասխանատու,ժամանակին կատարել տրված հանձնարարությունները։

Ղարիբ Բաբայանի խոսքով՝ ուսանողները ցուցաբերել են մեծ ակտիվություն և գիտելիքներ: Նա շեշտել է, որ ուսանողների շարքում կան այնպիսի մարդիկ, որոնք ապագա լավ քաղաքագետներ կարող են դառնալ: Նրա խոսքով՝ ուսանողները բավականին ակտիվ էին, որի համար շնորհակալություն հայտնեց բուհի անձնակազմին: Կուրսի փորձուսուցումը գնահատվել է գերազանց:

Կլոր սեղան-քննարկմանը առաջարկներ են հնչել նաև ուսանողների կողմից.

  • երկարացնել փորձուսուցման ժամանակահատվածը,
  • ապահովել նման հանդիպումների շարունակականությունը,
  • ապահովել տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումների հաճախականությունը։
                  ՄՄՀ մամուլի ծառայություն
Կիսվել այս էջով`