
Հետբուհական մասնագիտական ուսուցման ծրագրի շրջանակում Մեսրոպ Մաշտոց պետհավատարմագրված համալսարանը՝ համագործակցելով «Էմպատիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հետ այսօր ամփոփել է մեկամյա «Կլինիկական հոգեբանություն» հատուկ դասընթացի արդյունքները:
ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ողջունելով ներկաներին՝ կարևորել է նման դասընթացների կազմակերպումը, ինչպես նաև այդ մասնագենտենրի դերն արցախցիների կյանքում:Ռեկտորի խոսքով՝ բուհում պարբերաբար կազմակերպվում են տարբեր մասնագիտությունների գծով դասընթացներ: Դ. Գաբրիելյանը նշել է, որ դասընթացների արդյունքում ունենում են մասնագետներ, ովքեր ներգրավված են պետական և մասնավոր հատվածներում և կարևոր առաքելություն են իրականացնում այս ծանր ու դժվարին իրավիճակում: «Էմպատիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի տնօրեն Անահիտ Լալայանն ասել է, որ դասընթացները պետք է շարունակական լինեն: Եվ որպեսզի դասընթացն ավարտած մասնակիցները կարողանան ժամանակի հետ քայլել, պետք է մշտապես սովորեն, զարգանան, վերապատրաստվեն ու մասնակցեն տարբեր ծրագրերի: Հանդիպման վերջում՝ մասնակիցներն իրենց շնորհակալությունն են հայտնել դասընթացի կազմակերպման համար: Կարճ ժամանակահատվածում մասնակիցները կարողացել են հմուտ մասնագետների շնորհիվ նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել հոգեբանության ոլորտում: Դասընթացին մասնակցած 16 անձինք ստացել են «կլինիկական հոգեբանություն» մասնագիտությամբ որակավորում։ Մասնակիցներին հանձնվել են վկայագրեր: Դասընթացի մասնակիցները շնորհակալություն են հայտնել նաև «Sante Armenie» համաշխարհային բժշկական կազմակերպության հոգեկան առողջության ապահովման ամբողջ անձնակազմին, հանրահայտ միջազգային ճանաչում ունեցող դասախոսներին՝ հոգեբույժներ, հոգեթերապևտներ, հոգեբաններ, հոգեվերլուծողներ: Տեղեկացնենք, որ դասընթացի հատուկ կուրսի 18 հոգուց 10-ը կշարունակեն ուսումը նաև այս տարի՝ 2-րդ փուլում։
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

























