ՄՄՀ-ում ամփոփել են 2022-2023 ուսումնական տարին

Մեսրոպ Մաշտոց Համալսարանում այսօր՝ հունիսի 10-ին, ամփոփել են 2022-2023 ուսումնական տարին, պատասխանել լրագրողների հարցերին: «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ մագիստրոսական ծրագրի շրջանակում Մեսրոպ Մաշտոց համալսարանն այս տարի թողարկել է շրջանավարտների առաջին խումբը: ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանն ասել է, որ բուհի դասախոսների առջև խնդիր էր դրված, որպեսզի պատրատեն սոցիոլոգներ: «Եվ մենք կարճ ժամանակահատվածում կարողացել ենք այդ խնդիրը լուծել: Արդյունքում այս տարի «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ մագիստրոսական ծրագրի շրջանակում թողարկել ենք 18 շրջանավարտ: Ուսանողները ներկայացրել են ավարտական հետազոտական աշխատանքներ, որոնցից յուրաքանչյուրն ուղղված էր Արցախի տարբեր հիմնախնդիրների ուսումնասիրմանն ու վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ առաջարկություններ առաջադրելուն»,- մասնավորապես ավելացրել է ռեկտորը: Բուհի ռեկտորի խոսքով՝ Մեսրոպ Մաշտոց համալսարանը հնարավորություն է տալիս ունենալու որակապես այլ մասնագետների, որի կարիքն Արցախն ու Արցախի բնակչությունն ունի։ Արցախի ներկայիս իրավիճակում «Սոցիալական աշխատանք» մասնագիտությունը պահանջված է։ Բուհի պրոռեկտորը Ալիսա Բաղդասարյանը՝ խոսելով այս տարվա շրջանավարտների մասին, նշել է, որ թողարկել են 154 շրջանավարտ, որից 57-ը՝ մագիստրոսներ: Ուսանողները պաշտպանել են ավարտական աշխատանքներ: Այդ կերպ ուսանողները կարողանում են ի ցույց դնել ուսումնառության 4 տարիների ստացած գիտելիքները: Ի տարբերություն նախորդ ուսումնական տարվա, ՄՄՀ-ում այս տարի գերազանցության հավակնորդների թիվն աճել է: Սա խոսում է այն մասին, որ ուսանողները և դասխոսները գիտակցում են, որ Արցախում անհրաժեշտ են գրագետ, զարգացած ու բանիմաց մանագետներ: 

ՄՄՀ-ն համագործակցում է Արցախի, ՀՀ-ն և արտերկրի բուհերի հետ: Որպես այդ ամենի լրացում, պետք է նշել, որ Մեսրոպ Մաշտոց Համալսարանին այս տարի շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով: «Բուհին ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհելու համար համապատասխան փորձագետները հանդիպումներ են ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, որակի ապահովման մասնագետների, ամբիոնների վարիչների, ուսանողների ու շրջանավարտների, գործատուների հետ։ Խումբը իրականացրել է փաստաթղթերի ուսումնասիրություն, ռեսուրսների դիտարկում, դասալսումներ, ինչպես նաև դիտարկել ուսանողի գնահատումը։ Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացն իրականացվել է երեք հաջորդական փուլով: Եվ մենք արդյունքում հաջողություն ենք գրանցել»,- ավելացրել է Դ. Գաբրիելյանը: Ուսումնական տարվա ընթացքում բուհում կազմակերպվել են մի շարք գիտաժողովներ, կլոր-սեղաններ, հանդիպումներ՝ տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ: Ալիսա Բաղդասարյանի համոզմամբ՝ գիտաժողովները բուհի ուսանողներին, հետբուհական, շարունակական կրթություն ստացողներին և գիտահետազոտական աշխատանքներում ներգրավված երիտասարդներին միավորում, ինչպես նաև սովորողների ստեղծագործական ներուժը բացահայտում և զարգացնում է: Անդրադառնալով բուհի ընդունելության քննությունների կարգին՝ պրոռեկտորը նշել է, որ բուհ դիմողների մեծ մասն ընտրում են հետևյալ մասնագիտությունները. իրավագիտություն, կովկասագիտություն, տարրական մանկավարժություն և մեթոդիկա, «Սոցիալական աշխատանք» մասնագիտությունները: 2023-24 ուս. տարվա բակալավրիտի համար նախատեսել են 11 մասնագիտություն, իսկ մագիստրատուրայի համար 14: Բուհ ընդունվողների թիվը տարեցտարի ավելանում է: Բակալավրիատի հեռակա բաժնի ընդունելությունը երեք փուլով է անց կացվելու: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է։ Մագիստրատուրան անց է կացվելու 2 փուլով. հայտագրումն արդեն սկսված է: Փատաթղթերի ընդունման վերջնաժամկետը օգոտոսի 21-ն է։ Տեղեկացնենք, որ ՄՄՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ՝ Ստեփանակերտի համար 7 հիմնական դպրոցում կազմակերպվում են կրթական դաընթացներ՝ ներառական կրթության հատուկ մանկավարժների պատրաստման նպատակով:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`