ՄՄՀ «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ մագիստրոսական ծրագրի ուսանողները ներկայացրել են իրենց մագիստրոսական թեզերը
ԱՀ Կառավարությունն ընդունել է Մեսրոպ Մաշտոց համալսարանի «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ մագիստրոսական ծրագրի ուսանողներին՝ ներկայացնելու իրենց մագիստրոսական թեզերը։ Հանդիպմանը՝ 18 ուսանող ներկայացրել է իր ավարտական հետազոտական աշխատանքը, որոնցից յուրաքանչյուրն ուղղված է Արցախի տարբեր հիմնախնդիրների ուսումնասիրմանն ու վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ առաջարկություններ առաջադրելուն։
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը՝ առցանց եղանակով, ողջունել է հյուրերին և իր խոսքում մասնավորապես ասել. «Դուք բոլորդ շատ կարևոր ասելիք եք կուտակել երկրի սոցիալական քաղաքականության, մարդկանց օգնելու արվեստի գիտության և մասնագիտության հնարավորությունների մասին։ Ձեր ասելիքը վերաբերում է ոլորտի բարելավմանն ամենատարբեր տեսակետներից։ Դուք իրականացնում եք հանրօգուտ գործ՝ օգտակար երկրի, կառավարության և մարդկանց համար»։ ԱՀ պետական նախարար Գուրգեն ․ Ներսիսյանն իր հերթին ողջունել և շնորհակալություն է հայտնել ծրագրի նախաձեռնողներին, ինչպես նաև այն ուսանողներին, ովքեր ստանձնել են կատարել այս բարդ աշխատանքը։
Պետնախարարն իր ելույթում ընդգծել է, որ Արցախի ներկայիս իրավիճակում առավել քան երբևէ «Սոցիալական աշխատանք» մասնագիտությունը պահանջված է։ Այսօր Մեսրոպ Մաշտոց համալսարանը մեզ հնարավորություն է տալիս ունենալու որակապես այլ մասնագետների, որի կարիքն Արցախն ու Արցախի բնակչությունն ունի։
Մագիստրոսական թեզերի պաշտպանությանը ներկա էին ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, պետնախահարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ՄՄՀ դասախոսներ, իսկ հեռավար տարբերակով մասնակցում էին Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոսները, Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Արմինե Հարոյանը։
Տեղեկացնենք, որ մագիստրոսական ծրագրի ներդրումն իրականացվում է Արցախի կառավարության աջակցությամբ Հայ կրթական հիմնարկության կողմից ֆինանսավորվող «Սոցիալականծառայությունների համակարգի արդյունավետ ներդրում և աշխատուժի հզորացում՝ հանունդիմակայուն Արցախի» ծրագրի շրջանակներում։