ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
Սիրելի՛ ուսանողներ, հարգարժա՛ն դասախոսներ, շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Սիրելի՛ առաջինկուրսեցիներ, մեծ պատիվ և պատասխանատվություն է սովորել բազմաթիվ փորձությունների ենթարկված ու ենթարկվող Արցախում՝ ամուր ու հաստատ պահելով երկրի շենացման կամքն ու տեսլականը։ Ստեղծված ծանր իրավիճակում կրթությունն է այն բանալին, որը խոստանում է բացել անհատի ու պետության զարգացման կողպեքները: Սիրելի՛ ուսանողներ, ապրում ենք վճռորոշ ժամանակներում, ուստի ուսման մեջ բարեխիղճ, նպատակասլաց և անկասելի եղեք, եղե՛ք արժանի քաղաքացի և արժանի հայ, զինվե՛ք վճռականությամբ, քանզի ժամանակները մութ են, բայց մոտ է լուսաբացը։ Ապրենք, արարենք, կրթենք ու կրթվենք Արցախում։ Կրկին շնորհավորում և բարի երթ ենք մաղթում բոլորին: