ՄԵՆՔ 25 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ

Դոնարա Գաբրիելյան
ՄՄՀ ռեկտոր, մ.գ.թ., դոցենտ, ՄՄՀ պրոֆեսոր, Մանկավարժական գիտությունների թեկնածու
Ոչ պետական համալսարան ստեղծելու գաղափարը մեզ մոտ ծնվեց 1996թ. սեպտեմբերին։ Նույն տարում ստացանք մեր նպատակների իրականացման համար հավաստագիր` ստեղծել նորարարական բուհ, վերակենդանացնել մինչհեղափոխական Ղարաբաղի լավագույն կրթական ավանդույթները, երբ ծայրամասի ուսումնական հաստատությունների շրջանավարտները փայլուն կերպով շարունակում էին իրենց կրթությունը Ռուսաստանի և Եվրոպայի առաջատար բուհերում։
Մեսրոպ Մաշտոց Համալսարանը ԼՂՀ առաջին ոչ պետական բուհն է։ Այն ստեղծվել է որպես երկրում տիրող սոցիալ–տնտեսական պայմաններին համարժեք արտացոլանք։Մեր բուհի, ինչպես և ԱՊՀ բոլոր ոչ պետական բուհերի ծնունդն աշխատաշուկայում տնտեսական, իրավաբանական, հումանիտար մասնագետների պահանջարկի արձագանքն է։ Դրա առաջացումը ծնվել է քաղաքական նկատառումներով` բարձրագույն կրթական համակարգում պետության մենաշնորհը վերացնելու նպատակով։
Այսօր հաջողակ կարող է լինել միայն այն բուհը, որը թողարկում է բարձր որակի «արտադրանք»։Ինքնավար լինելն ու շարժունակությունը մեր համալսարանին հնարավորություն տվեցին արագ կողմնորոշվելու և ընտրել այնպիսի մասնագիտություններ, որոնք պահանջված են աշխատաշուկայում։ ՄՄՀ պատրաստում է մասնագետներ տեղեկատվական տեխնոլոգիաների, կառավարման, իրավունքի, կովկասագիտության և հումանիտար գիտությունների ոլորտներում։ Կրթության որակի բարձրացման համար հրավիրում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետներ Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից։
Հանդիսանալով Եվրոպայի ռեկտորների ակումբի անդամ և կապ ունենալով արտասահմանյան առաջատար կազմակերպությունների հետ, այցելելով աշխարհի լավագույն բուհերը` մենք հնարավորություն ունեցանք բավականաչափ ծանոթանալու Ֆրանսիայի, Անգլիայի, Իսպանիայի, Ավստրիայի, ԱՄՆ, Ճապոնիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն կրթական համակարգերի հետ։ Համաձայն Բոլոնյան համաձայնագրի սկզբունքների` եվրոպական կրթական համակարգի ներգրավման անհրաժեշտությունը մեզ հնարավորություն տվեց գնահատել ժամանակակից իրողությունները, միավորել արևմտյան կրթական համակարգի և սովետական ավագ դպրոցի լավագույն ավանդույթները։ Կրթության նորարարական մոտեցումը չի բացառում սովետական դպրոցի հիմնարարության և համակարգվածության պահպանումը։
Մեր կողմից մշակվել է ՄՄՀ զարգացման ռազմավարությունը։ Այն ուղղված է առաջնային խնդրի լուծմանը, որը դարձել է մեր նշանաբանը` «Անել այն ամենը, ինչը կարող է օգուտ բերել երկրին»։
Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին։
2016 թվականից` Ապրիլյան պատերազմից հետո, մեր համալսարանը սկսեց պատրաստել կովկասագետներ` տարածաշրջանի լեզուների ուսումնասիրությամբ` ադրբեջաներեն և պարսկերեն:
Քառասունչորսօրյա պատերազմից հետո սոցիալական աշխատողները դարձան պահանջված, և ՄՄՀ–ն առաջինն էր, որ բացեց մագիստրատուրա այս մասնագիտությամբ: Այսօր մի խումբ ուսուցիչներ Արցախի դպրոցներում վերապատրաստման դասընթացներ են անցկացնում համընդհանուր ներառական կրթության բարելավման և որակի ապահովման նպատակով։
Այսպիսով` մեր գլխավոր ռազմավարական նպատակը հետևյալն է` ստեղծել այնպիսի բուհ, որում ներառված կլինեն հետևյալ գծերը`
- աշխատաշուկայում մասնագետների փոփոխվող պահանջներին արձագանքելու ճկունություն և շարժունություն,
- կրթության նկատմամբ նորարարական մոտեցում,
- կրթական գործընթացի համապատասխանեցում ուսանողի պահանջներին,
- կրթության, սպորտի, ժամանցի և արտալսարանային միջոցառումների կազմակերպան համար պայմանների հարմարավետություն,
- գիտական հետազոտությունների զարգացում:
Մենք` մաշտոցականներս, ուրախ ենք ընդունելու յուրաքանչյուրին, ով բացում է մեր համալսարանի դռները, ով պատրաստ է մեզ հետ միասին ստեղծելու XXI դարի բուհը։