Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ, ՀՀ մասնագիտական Կրթության Որակի Ապահովման Ազգային Կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) պատվիրակությունը՝ ի դեմս տնօրեն Ռուբեն Թոփչյանի, այցելել է Արցախի պետական համալսարան, որտեղ մեկնարկել է բուհերի ծրագրային հավատարմագրման նախապատրաստական եռօրյա աշխատաժողով։ Աշխատաժողովին մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը, ԱՀ բուհերի ներկայացուցիչներ։ Աշխատաժողովին մասնակցել են նաև ՄՄՀ պրոֆեսորադասախոսական կազմը՝ ի դեմս ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի: Ռուբեն Թոփչյանը աշխատաժողովին ներկայացրել է ծրագրային հավատարմագրման չափանիշները, հնարավորությունը, մասնագիտական կրթական ծրագրերի հավատարմագրման մոտեցումները, ինչպես նաև բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավմանն ուղղված հարցեր: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցեր:
Ռուբեն Թոփչյանի խոսքով՝ կրթության որակի շարունակական ապահովման գործընթացում ինստիտուցիոնալ հավատարմագրումից հետո հաջորդ քայլը լինելու է ծրագրային հավատարմագրումը։ Բուհերն ինստիտուցիոնալ հավատարմագրումն անցնելուց հետո պատասխանատվություն են ստանձնում ծրագրային հավատարմագրման։
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն