ՄՄՀ-ում նշել են Ռուսաց լեզվի միջազգային օրը

ՄՄՀ ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ բուհում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված ռուսաց լեզվի միջազգային օրվան: Հունիսի 6-ը նշվում է հայտնի ռուս պոետ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը: Ռուսերենը միջազգային լեզու է և այն ընդունված է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից: Օրվա առթիվ ՄՄՀ-ում կազմակերպվել է «Բրեյն ռինգ»՝ մայրաքաղաքի 3-րդ, 11-րդ և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի աշակերտների միջև: “Բրեյն ռինգի” I մասում՝ ռուսաց լեզվին առնչվող հարցերին անդրադառնալուց առաջ, բուհի ուսանողները հակիրճ ներկայացրել են տեղեկատվություն ռուսաց լեզվի պատմության և ներկայիս կարգավիճակի վերաբերյալ, իսկ II մասում՝ Ա.Պուշկինին առնչվող հարցերին անդրադառնալուց առաջ՝ տեղեկատվություն՝ Ա.Պուշկինի կյանքի և ստեղծագործությունների վերաբերյալ: Վերջում կազմակերպվել է ֆլեշ մոբ՝ բուհի դասախոսների և ուսանողների մասնակցությամբ: Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Մայա Ղազարյանի խոսքով՝ ռուսաց լեզվի միջազգային օրն ուղեկցվում է մի շարք միջոցառումներով: Միջոցառման ժյուրիի կազմում ընդգրկված էին Արցախի Հանրապետության ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը, ԱՀ ԿԳՄՍ նախարարության պետական տեսուչ, ռուսաց լեզվի գլխավոր մասնագետ Ռուբեն Օսիպովը, ԱՀ նախագահի աշխատակազմի ռուսաց լեզվի բաժնի համակարգող Գայանե Գրիգորյանը, ովքեր ողջունել ու կարևորել են նման միջոցառումների անցկացումը: Մրցույթում հաղթող է ճանաչվել «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի թիմը, «ռուսաց լեզվի գիտակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել 3-րդ դպրոցի թիմը, իսկ «ռուս գրականության գիտակ» անվանակարգում՝ 11-րդ դպրոցի թիմը: Գայանե Գրիգորյանը նվերներ է հանձնել միջոցառման մասնակիցներին, իսկ ՄՄՀ-ին շնորհակալագիր՝ ռուսաց լեզվի զարգացմանը նպաստելու համար:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`