Մեսրոպ Մաշտոց Համալսարանում կազմակերպվել է նահատակված ուսանողների հիշատակին նվիրված միջբուհական գիտաժողով

   Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կայացել է նահատակված ուսանողների հիշատակին նվիրված միջբուհական գիտաժողովը: Ծաղիկների խոնարհումից հետո լռության րոպեն էր: Այս ձևաչափով մեկնարկեց գիտաժողովը:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
    Բուհի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյաի խոսքով՝ այս գիտաժողովն այն իրողությունն է ապացուցում, որ մեր նահատակված ուսանողները մեզ հետ են: Նրանց գործը անմահ է, և մենք պարտավոր ենք նրանց հիշել, հատկապես նման միջոցառումներով ու գիտական մակարդակով, որովհետև գիտությամբ պետք է ինչ-որ բանի հասնել և արդարացնել նրանց սպասումները: Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով բուհի 22 ուսանողներ դարձել են հավերժի ճամփորդներ: Գիտաժողովի լիագումար նիստի ժամանակ հրապարակվել է տեսանյութ, որտեղ ներկայացվել են Արցախի բոլոր բուհերի զոհված ուսանողների լուսանկարները:
 
 
 
   ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը կարևորել է նման գիտաժողովների անցկացումը: «Այս կերպ մենք ներկայացնում ենք, որ մենք կանք, մենք Արցախում ենք, մենք հիշում ենք մեր հերոս տղաներին: Եվ այս ամենն անում ենք հանուն նրանց վառ հիշատակի: Արցախն ապրում է, իսկ արցախցին իր պայքարը շարունակում է նաև գրչով: Եվ մենք վստահ ենք, որ այս պայքարը հաղթանակի է տանելու»,-մասնավորապես ասել է Դ. Գաբրիելյանը:
 
 
 
    Միջբուհական գիտաժողովին մասնակցության հայտ է ներկայացրել տարբեր բուհերի շուրջ 60 ուսանող: ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը նշել է, որ թեմատիկ ուղղվածությունները հիմնականում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործություններն են, որի հետազոտական աշխատանքների ընթացքում ուսանողներին հանձնարարվել է չորս շաբաթյա փորձուսուցման ընթացքում համապատասխան հետազոտություններ իրականացրել, որոնք հետագայում հրատարակվելու են:
 
 
 
    «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները՝ 2022 թ-ի սեպտեմբերի 13-ին հայերի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ» թեման ուսումնասիրել է գիտաժողովի մասնակից Աբրահամ Դանիելյանը: Նա իրականացրել է մի շարք փաստահավաք աշխատանքներ՝ զոհերի, անհետ կորածների, ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների խոշտանգումների, պատերազմի հետևանքով տեղահանվածների, Ադրբեջանի կողմից օկուպացված համայնքների, հանրապետության վնասված օբյեկտների և բնակելի շենք-շինությունների, ենթակառուցվածքների անթույլատրելի զինտեխնիկայի վերաբերյալ: «Նման աննկարագրելի վայրագությունների իրականացումը քաղաքական ղեկավարության կողմից ադրբեջանական հասարակության մեջ հայատյացության և թշնամանք սերմանալու երկարամյա քաղաքականության հետևանքն է»,-ասել է Ա. Դանիելյանը:
 
 
 
 
     Կարևորն այն է, որ գիտաժողովին ուսանողներն ընտրել են արդիական թեմաներ, և որոնց մասին այս ժամանակահատվածում բարձրաձայնելը շատ կարևոր է: Մասնակիցները հնարավորություն կունենան նաև իրենց հետազոտությունները ներկայացնել տարբեր հարթակներում: Լիագումար նիստից հետո գիտաժողովը շարունակվել է մասնախմբերում, որից հետո կայացել է եզրափակիչ  նիստը: Գիտաժողովի մասնակիցները ՄՄՀ-ի կողմից արժանացել են վկայականների: 
 
    Տեղեկացնենք նաև, որ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը 11 տարի շարունակ ղեկավարել է ՄՄՀ ՈՒսանողական  գիտական ընկերությունը՝ կազմակերպել մի շարք միջոցառումներ: Այսուհետ բուհի «Կովկասագիտություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Մարիա Հակոբյանն է ղեկավարելու ՈՒԳԸ-ն:
 
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն
 
  
Կիսվել այս էջով`