Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովը, հիմք ընդունելով բողոքարկման հանձնախմբի եզրակացությունը, կայացրել է նոր որոշում, ըստ որի՝ Մեսրոպ Մաշտոց Համալսարանին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով։ Նշենք, որ առաջին որոշման համաձայն բուհին տրվել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով: Այս մասին այսօր ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ բուհին ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհելու համար համապատասխան փորձագետները հանդիպումներ են ունեցել ՄՄՀ ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, որակի ապահովման մասնագետների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների ու շրջանավարտների, գործատուների հետ։ Խումբը իրականացրել է փաստաթղթերի ուսումնասիրություն, ռեսուրսների դիտարկում, դասալսումներ, ինչպես նաև դիտարկել ուսանողի գնահատումը։ Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացն իրականացվել է երեք հաջորդական փուլով` Առաջին փուլ. ուսումնական հաստատության ինքնավերլուծություն: Այս փուլում հավատարմագրման գործընթացում գտնվող հաստատություններն ուսումնասիրում են իրենց առաքելությունը, նպատակները, գործընթացները և ձեռքբերումները մանրամասն ինքնավերլուծության գործընթացի միջոցով: Երկրորդ փուլ. արտաքին գնահատում անկախ փորձագետների խմբի կողմից: Փորձագիտական այցի հիմնական նպատակն է պարզել ինքնավերլուծության մեջ նշված փաստերի և տեղեկատվության հավաստիությունը, ձեռք բերել լրացուցիչ տեղեկատվություն հանդիպումների և հարցումների միջոցով, ուսումնասիրել կրթական գործընթացները և լրացուցիչ փաստաթղթերը` ավելի լավ պատկերացնելու փորձաքննության ենթակա ուսումնական հաստատության գործունեությունը: Այսինքն`փորձագետներն իրականացնում են փորձագիտական վերլուծություն, որից հետո տրամադրվում են ձեռքբերումների մասին վկայություններ և խորհրդատվություն`աշխատանքների հետագա բարելավման նպատակով: Երրորդ փուլ. Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) hավատարմագրման խորհրդի կողմից վերջնական փորձագիտական զեկույցի պատրաստում և որոշման կայացում։ Դ. Գաբրիելյանն ասել է, որ ինստիտուցիոնալ հավատարմագրումը պետության կողմից ուսումնական հաստատության կրթական և որակի ապահովման գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի` օրենքով սահմանված ուսումնական հաստատության տեսակին ներկայացվող պահանջներին, պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Պետական հավատարմագրման հիմնական նպատակն է հավաստել ուսումնական հաստատություններին, ուսանողներին, նրանց ծնողներին, գործատուներին և շահագրգիռ հասարակությանը, որ մասնագիտական կրթության որակը ճանաչելի է պետության կողմից: ՄՄՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը սկսվել է դեռևս 2019թ-ից:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն