Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի նախաձեռնությամբ և բուհի աշխարհագրության դասախոս Հենրիխ Գրիգորյանի ուղեկցությամբ՝ Արցախի մշակութային ժառանգության հանրահռչակման ծրագրի շրջանակում, մի խումբ ուսանողներ այցելել են Հակոբավանք:
Հովիկ Ավանեսովի խոսքով՝ ծրագրի նպատակն է ուսանողներին հաղորդակից դարձնել ազգային մշակույթին: «Մեր հայրենիքը վտանգված է և մենք բոլորս պետք է լինենք մեր հայրենիքի կողքին: Մանավանդ մեր երիտասարդությունը պետք է ճանաչի մեր պատմամշակութային կոթողները, ուսումնասիրի պատմությունը և ևս մեկ անգամ վերարժևորի մեր ունեցածը: Յուրաքանչյուր ազգ իր մշակույթով է հարուստ»,- ավելացրել է Հ. Ավանեսովը: Ճանաչողական այցի ընթացքում ուսանողներին ներկայացրել են Հակոբավանքի պատմությունը:
Այնուհետև ուսանողները մասնակցել են Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում կազմակերպված ծառատունկին, որը նախաձեռնել է Հակոբավանք վանական համալիրի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: Տունդարձի ճանապարհին ուսանողները եղել են նաև Նիկոլ Դումանի տուն-թանգարնում, որտեղ էլ ծանոթացել են հայ ազգային-ազատագրական շարժման գործչի կյանքին, գործունեությանը և մարտական ուղուն: Կովկասագիտության կենտրոնի նախաձռենությամբ՝ այցի արդյունքներն առաջիկայում տեղ կգտնեն երկլեզու տեղեկատվական ձեռնարկում:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն