Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Մեսրոպ Մաշտոց Համալսարանում բուհի շրջանավարտներին դիպլոմներ են հանձնվել: Ավանդույթի համաձայն՝ բուհում շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը մեկնարկել է զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշատախտակի առաջ հարգանքի տուրք մատուցելուց:
Այնուհետև նիստերի դահլիճում ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ողջունել ու շնորհավորել է բոլոր շրջանավարտներին: Դիմելով ուսանողներին՝ Դ. Գաբրիելյանն ասել է. «Ես և Ձեր դասախոսները ցանկանում ենք, որ Արցախ աշխարհում հարատև խաղաղություն լինի, որպեսզի կարողանաք Ձեր ուսումնառության տարիներին բուհում ստացած գիտելիքներն օգտագործել ի շահ մեր երկրի պաշտպանության, անվտանգության ու զարգացման»:
Բուհի պրոռեկտոր Ալիսա Բաղդսարյանն իր ելույթում կարևորել է կրթության դերը: «Բոլոր ժամանակներում գրագետ, կիրթ ու գիտելիքներով օժտված մարդը կարողացել է հաղթահարել ցանկացած իրավիճակ»,- մասնավորապես ասել է Ա. Բաղդասարյանը: Միջոցառման ընթացքում բուհի հումանիտար և տնտեսաիրավաբանական ֆակուլտետների դեկաններ՝ Արինա Գրիգորյանը և Յանա Դավթյանը հանդես են եկել շնորհավորական ելույթներով: Բուհի ուսանողներն էլ հանդես են եկել հայրենասիրական երգերով ու պարերով:
Իսկ վերջում շրջանավարտներին են հանձնվել դիպլոմները:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն.















