Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի նախաձեռնությամբ, մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված բուհի գործունեության 25-ամյակին: Բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ՄՄՀ-ի 25-ամյակի առթիվ շնորհավորել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ համալսարանը թողարկել է կիրթ, գրագետ ու բանիմաց շրջանավարտներ, ովքեր մշտապես բարձր են պահում բուհի պատիվը։ Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև բուհի դասախոսները։ Համալսարանի ուսանողական խորհրդի անդամները, առաջին կուրսեցիները և շրջանավարտներն իրենց յուրահատուկ շնորհավորանքի խոսքերն ու շնորհակալությունն են հայտնել բուհի պրոֆեսորադասախոսական կազմին՝ ի դեմս Դոնարա Գաբրիելյանի, ինչպես նաև հանդես եկել երաժշտական համարներով: Բուհի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը շնորհավորելով մաշտոցականներին՝ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ է մաղթել համալսարանի կուռ և ճկուն թիմին։ Նա անդրադարձ է կատարել նաև բուհի 25-ամյա գործունեությանը։ Մեսրոպ Մաշտոց Համալսարանն իր գործունեության սկզբնական շրջանում ունեցել է 76 ուսանող՝ 7 մասնագիտությունների գծով, այսօր բուհում 12 մասնագիտությունների գծով առկա և հեռակա ուսուցմամբ սովորում են 689 ուսանող՝ Արցախից, ՀՀ-ից, Ռուսաստանից, Թուրքմենստանից և այլ երկրներից: Բուհն այսօր ունի դասախոսական մեծ անձնակազմ: Համալսարանում աշխատում են արհեստավարժ մասնագետներ` պրոֆեսորներ, գիտության դոկտորներ, դոցենտներ,թեկնածուներ: Բուհի շրջանավարտներն աշխատում են Արցախի Հանրապետության պետական հիմնարկներում, մասնավոր կազմակերպություններում, աշխատանքային գործունեության այլ բնագավառներում: Իր 25-ամյա գործունեության ընթացքում համալսարանի ռազմավարական կարևոր խնդիրը կադրային ներուժի ստեղծումն ու վերազինումն էր և բուհի` իբրև գիտահետազոտական կենտրոնի կայացումը: Համալսարանի կարևոր ստորաբաժանումներից է «Կովկասագիտության կենտրոնը», որը մեծ ներդում ունի բուհի վերլուծական մտքի զարգացման գործում: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և Ուսանողական գիտական ընկերության կողմից պարբերաբար անց են կացվում գիտաժողովներ, կլոր սեղաններ, հուշ-ցերեկույթներ՝ նվիրված անվանի գրողներին, հայ ազգային-ազատագրական պայքարի նշանավոր գործիչներին, հայկական երկու հանրապետությունների անկախության տոներին, Արցախյան ազատամարտի հերոսներին: Բուհի ուսանողներն ակտիվ մասնակցություն են ունեցել Արցախյան պատերազմներում. ոմանք զոհվեցին անմա հանուն Արցախի լինելիության:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն











































