Լույս է տեսել Ալիսա Բաղդասարյանի «Տունդարձի ճանապարհին» բանաստեղծությունների ժողովածուն

ԱՀ և ՀՀ գրողների միության անդամ, Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանն ընթերցողների դատին է հանձնել «Տունդարձի ճանապարհին» խորագիրը կրող բանաստեղծությունների նոր ժողովածու: Գրքի շնորհանդեսը նախաձեռնել է ԱՀ գրողների միությունը՝ Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց»-ի անվան հանրապետական գրադարանում. այն տպագրվել է «Արմավ» հրատարակչությունում։ «Տունդարձի ճանապարհին»-ը բանաստեղծությունների շարք է, որը, հեղինակի համոզմամբ, «Պատերազմից հետո» խորագիրը կրող իր 5-րդ գրքի շարունակությունն է: Գրքում տեղ են գտել հեղինակի վերջին ժամանակշրջանում գրված ստեղծագործությունները: Ալիսա Բաղդասարյանի յուրաքանչյուր տող արտահայտում է ոչ միայն արցախցու մտահոգությունը, հիասթափությունը, հոգսերը, ցավերը, այլ նաև՝ լուսավոր ապագայի հանդեպ ունեցած հույսը: «Գիրքը «Տունդարձի ճանապարհին» խորագիրը կրեց, որովհետև մտածեցինք, որ պատերազմից հետո տունդարձի ճանապարհը բռնած արցախցու հոգեվիճակն է այստեղ, որովհետև այդ տունդարձի ճանապարհին արցախցին յուրովի է մեկնաբանել իրողությունը: Եվ, բնականաբար, հայտնվելով այդ տունդարձի ճանապարհին, անշուշտ, ինքը տարբեր զգացողություններով է եկել Արցախ»,- մասնավորապես ասել է գրքի հեղինակը: ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ողջունել ու կարևորել է Ա. Բաղդասարյանի նոր գրքի լույսընծայումը: Նրա խոսքով՝ բանաստեղծուհու յուրաքանչյուր տողում կա և՛ ուրախություն, և՛ տխրություն, և՛, իհարկե, ցավ: Գրքի խմբագիրը գրող Սլավի-Ավիկ Հարությունյանն է: Նրա համոզմամբ՝ գիրքը պատերազմից հետո տուն դարձող մարդու առճակատումն է իր նոր ճակատագրի հետ։ Շնորհանդեսին ելույթներով հանդես են եկել հեղինակի գրչընկերները, Արցախի գրական ընտանիքի ներկայացուցիչներ, ովքեր իրենց հերթին ողջունել ու կարևորել են ավելի քան 6 ամիս շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախում ապրող ու ստեղծագործող անկոտրում արցախցիներին:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`