Մեսրոպ Մաշտոց Համալսարանի նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Ստեփանակերտի «Թումանյան- ART» գինետանը կազամերպվել է ՄՄՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Նանար Սիմոնյանի «Սպասում» գրքի շնորհանդեսը:
Գրքում ներկայացված են բանաստեղծուհու չափածո և արձակ ստեղծագործությունները, որոնցում ժամանակակից հայ ընթերցողների ներաշխարհի աստվածահաճո ապրումների գեղարվեստական երանգներն են: Շնորհանդեսին բացման խոսքով հանդես է եկել բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը: Ռեկտորը կարևորել ու արժևորել է երիտասարդ ստեղծագործողի ու դասախոսի առաջին փորձը, որը ընկալելի է ընթերցողների կողմից Գրքի խմբագիր՝ բանաստեղծ Սոկրատ Խանյանն ասել է, որ Նանարը ծնվել է գրելու և ստեղծագործելու համար: Ուրախությամբ է նշում, որ Արցախում վերջին շրջանում ավելացել է երիտասարդ գրողների թիվը: «Այս երևույթը խոսում է այն մասին, որ ինչպիսի թոհ ու բոհ էլ լինի, աշխարհում ինչքան էլ չար ուժերը ոռնան, առանձնապես հայ ժողովրդի դեմ՝ միևնույն է մեր ժողովուրդը հավերժորեն շարունակելու է արարել ու ստեղծագործել հենց այստեղ »,- նշել է Ս. Խանյանը:Գրող, լրագրող Միքայել Հաջիյանն առաջին անգամ կարդալով Նանարի գիրքը՝ նկատեց ձիրքի շողարձակում: Գիրքը հավատի մասին է. ժողովուրդը գրչով է պայքարում թշնամու դեմ:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանի խոսքով՝ Նանարի առաջին գիրքը փորձ է: Նրա ստեղծագործություններում ակնհայտ երևում է հայի ցավը, անորոշությունը: «Գիրքը իսկապես հետաքրքիր է իր ձևաչափով, որովհետև երիտասարդ ստեղծագործողի միտքն է և ընկալումը: Այն վերաբերմունքը, որ կարող է ինչ-որ բան փոխել այս աշխարհում»,- ընդգծել է Ա. Բաղդասարյանը:
Գրքի հեղինակ՝ Նանար Սիմոնյանն էլ ասել է. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ մեր կյանքի հեքիաթը գլխիվայր շուռ եկավ: Պատերազմի 44 չարաբաստիկ օրերին չէի կորցնում հավատս, աղոթում ու հուսադրում էի ամենքին: Իմ լավատեսությամբ փակում հոռետեսների բերանները: Նոյեմբերի 9-ին ուզում էի ոչնչանալ ու անէանալ»: 2020 թ-ի պատերազմը փոխեց Նանարի ընկալումները, սպասումները ու ակնկալիքները: Գրքի խորագիրը հենց այնպես չի ընտրել հեղինակը. ««Սպասում» ժողովածուն անքուն գիշերների, նվվացող ցավի, տառապանքի ծնունդ է: Յուրաքանչյուրիս հոգու խորքում ծվարած ազատ ու անկախ Արցախի միջազգային ճանաչման, գերության մեջ գտնվող իմ եղբայրների սպասումն է, խաղաղ ու անվտանգ հայրենիք ունենալու սպասումը»: Գրքի շնորհանդեսին ելույթներով հանդես են եկել նաև ԱՀ գրողների միության անդամներ, ՄՄՀ ուսանողներ, ովքեր ասմունքել են Նանար Սիմոնյանի գրվածքներից:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն



















