Կայացել է «Կրթությունը 21-րդ դարում» խորագրով գիտաժողով

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնած «Կրթությունը 21-րդ դարում» խորագրով գիտաժողովը մեկնարկել է խոնարհումի և լռության րոպեով: Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը: Նա կարևորել ու արդիական է համարել բոլոր ժամանակներում կրթված ու գիտակից երիտասարդություն ունենալը: Կրթված լինելու գրավականը որակյալ ուսումն է։ Գիտաժողովի մասնակից Աստղիկ Գրիգորյանը «Տեղեկատվական տեխնոլոգիաների դերն Արցախի տնտեսության մեջ» թեմայի շրջանակում պարզել և հետազոտել է այն հիմնախնդիրները, որոնք առկա են Արցախում: Ուումնասիրության արդյունքում եկել է այն եզրակացության, որ պետք է կարևորել միջազգային կապերի ստեղծման կարևորությունը, ինչպես նաև՝ տարբեր նախագծերի ստեղծման անհրաժեշտությունն ու շարունակական համագործակցությունը: ՄՄՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահ Մարիա Հակոբյանն էլ իր ելույթում նշել է, որ կրթությունն ամենահզոր զենքն է, որով երիտասարդները կարող են փոխել աշխարհը: «Եթե ունենանք բանիմաց, խելացի և ուժեղ ուսանողություն, կունենանք նաև հզոր երկիր»,- իր խոսքում ընդգծել է Մ. Հակոբյանը: Գիտաժողովն ընդգրկում էր՝ պատմություն, իրավագիտություն, քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, արևելագիտություն, տնտեսագիտություն, մանկավարժություն, սոցիոլոգիա, հոգեբանություն, բանասիրություն, լրագրություն ոլորտները: Շուրջ 70 ուսանողների մասնակցությամբ գիտաժողովում քննարկվել են տարածաշրջանի հումանիտար, տնտեսական, սոցիալ-քաղաքական զարգացման արդիական հարցեր:
 Բուհի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանն ասել է, որ այս իրավիճակում կրթությունը շատ կարևոր է՝ հատկապես ուսանողների համար: «Նրանց զբաղվածությունը, նրանց հետաքրքրությունները, հիմնախնդիրն ընկալելու ձևաչափերը հաշվի առնելով՝ որոշեցինք «Կրթությունը 21-րդ դարում» խորագիրը կրող գիտաժողով կազմակերպել, որտեղ ուսանողները հանդես կգան և՛ հիմնախնդիրների բացահայտմամբ, և՛ միաժամանակ իրենց առաջարկությունները կանեն, և՛ կհասկանան, որ իսկապես լուրջ խնդիրներ ունենք, և այդ խնդիրները պետք է որոշակիորեն լուծումներ ստանան»,- մասնավորապես ասել է Ա. Բաղդասարյանը: Ներկայիս ժամանակներում կրթություն ստանալու հնարավորությունները մեծացել են և բոլորն իրավունք ունեն սովորելու։ ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի խոսքով՝ հատկապես շրջափակման իրավիճակում և պատերազմական գոտում գտնվող պետությունների համար կրթությունն առավել կարևոր նշանակություն ունի:«Զարգացած և կայուն պետություն ունենալու համար մենք անհրաժեշտություն ունենք կրթված և որակյալ մանագետներ ունենալու: Դրա հնարավորությունը տալիս է միայն կրթական համակարգը. կրթության դերի կարևորումն անհրաժեշտություն է»,- ասել է Հ. Ավանեսովը և հավելել, որ ամենակարևորն այն է, որ գիտաժողովի շրջանակում արդիական թեմաներ են ընտրել ուսանողները, որոնք տարբեր խնդիրներ են արտացոլում: Այս ամենը թույլ կտա ավելի կատարելագործել աշխատանքները և օգտագործել տարբեր հարթակներում՝ հատկապես, որ կան թեմաներ, որոնք կիրառական նշանակություն ունեն: Գիտաժողովի աշխատանքները շարունակվել են մասնախմբային նիստերում: Իսկ լավագույն հոդվածների հեղինակներն արժանացել են պատվոգրերի։

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`