Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի նախաձեռնությամբ՝ ԱՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում կայացել է «Գիտության և կրթության դերը պետության զարգացման գործում» թեմայով միջազգային գիտաժողով՝ նվիրված բուհի գործունեության 25-ամյակին: Միջազգային գիտաժողովի շրջանակում հնչել են շնորհավորական ուղերձներ և զեկույցներ, որոնք վերաբերում են Արցախում կրթության ու գիտության զարգացմանը: Գիտաժողովին մասնակցել են պետական այրեր, գիտնականներ՝ ինչպես Արցախից ու Մայր Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, Հարավային Օսեթիայից:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել բուհի ռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, ՄՄՀ պրոֆեսոր Դոնարա Գաբրիելյանը: Իր ելույթում նա կարևորել է ստեղծված իրավիճակում կրթության դերը՝ ընդգծելով, որ կրթությունն ու գիտությունը պետության ու տնտեսության զարգացման գրավական են հանդիսանում: Իր 25-ամյա գործունեության ընթացքում համալսարանի ռազմավարական կարևոր խնդիրը կադրային ներուժի ստեղծումն ու վերազինումն էր և բուհի` իբրև գիտահետազոտական կենտրոնի կայացումը: Համալսարանի կարևոր ստորաբաժանումներից է «Կովկասագիտության կենտրոնը», որը մեծ ներդում ունի բուհի վերլուծական մտքի զարգացման գործում:
ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը շնորհավորելով բուհի 25-ամյա գործունեությունը՝ կարևորել և արժևորել է ՄՄՀ-ի դերը: Նրա խոսքով՝ բոլոր ժամանակներում մարդ առանձնանում է իր դաստիարակությամբ և ունեցած գիտելիքներով: ՄՄՀ-ն այն կրթական կառույցն է, որը տարիներ շարունակ թողարկում է կիրթ, զարգացած ու բանիմաց շրջանավարտներ, որոնք աշխատում են պետական և մասնավոր մի շարք ոլորտներում:
Գիտաժողովին ելույթով հանդես է եկել նաև ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: «Իր քառորդդարյա գործունեության ընթացքում բուհին հաջողվել է դառնալ Արցախի առաջատար գիտակրթական օջախներից մեկը: Ստեղծման օրվանից անցնելով մասնագիտական ոլորտների ընդլայնման ու կատարելագործման բարդ ու պատասխանատու ճանապարհ՝ Մեսրոպ Մաշտոց Համալսարանը շարունակում է գալիք մարտահրավերներին պատրաստ ու հիմնավոր գիտելիքներով զինված սերունդների կրթադաստիարակչական գործունեությունը»,- ընդգծել է Ա. Թովմասյանը: Օրենսդիր մարմնի ղեկավարը դիմելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ասել է՝ մաղթում եմ ուժ ու կորով, անսպառ եռանդ՝ ձեր ազգանպաստ ու հայրենանվեր առաքելությունը շարունակելու գործում, նոր մարտահրավերներին դիմագրավելու՝ հանուն մեր ժողովրդի և Արցախի Հանրապետության հարատևման:
Բուհի պրոռեկտոր, բանասաիրական գիտությունների թեկնածու Ալիսա Բաղդասարյանը մանրամասն ներկայացրել է բուհի 25-ամյա գործունեությունը՝ առանձնացնելով ձեռբերումները և առկա խնդիրները: «Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ողջ անձնակազմն ամենայն պատասխանատվությամբ և նվիրվածությամբ լծված են գիտական գործունեություն կատարելու վեհ ու պատասխանատու գործին: Արցախյան սուրբ հողում գիտությամբ զբաղվող յուրաքանչյուր մարդ պարտավորված է ամենայն լրջությամբ վերաբերվել երկրի առաջ ծառացած խնդիրներին` հաստատուն քայլեր ձեռնարկելով դրանց լուծման ուղղությամբ: ՄՄՀ-ի գործունեությունը միտված է հենց այդ կարևորագույն խնդրի իրագործմանը»,- մասնավորապես ասել է Ա. Բաղդասարյանը: Իր ելույթում նա ավելացրել է, որ ՄՄՀ-ը քսանհինգ տարի շարունակ վարում է գիտելիքահեն, ուսանողամետ, հայրենանվեր քաղաքականություն, մշտապես հանդես գալիս համարձակ նախագծերով, հայրենանպաստ ծրագրերով, գիտակրթական կարևոր խնդիրների բարձրաձայնմամբ: Այդ են վկայում նորարար բուհի ուսանողների և շրջանավարտների ազատ և ճկուն միտքը, տեսական և գործնական հիմնավոր գիտելիքները, երկրին ծառայելու պատրաստակամությունը և մարդկային բարձր որակները:
Բուհի համահիմնադիր, ՄՄՀ պրոֆեսոր, փորձուսուցման բաժնի ղեկավար Մելանյա Արզումանյանն իր հերթին շնորհավորել է բուհի քառորդդարյա գործունեությունը: Նրա խոսքով՝ այսօրվա գիտաժողովը հետաքրքիր քննարկումների ու եզրահանգումների հարթակ կհանդիսանա, ինչը հնարավորություն կընձեռնի խոսելու ձեռքբերումների ու բացթողումների մասին: Մ. Արզումանյանն ընթերցել է նաև մի խումբ գիտնականների շնորհավորական ուղերձներ: Միջազգային գիտաժողովի աշխատանքները լիագումար նիստից հետո, ըստ առանձին մասնագիտությունների, շարունակվել են 10 մասնախմբում. պատմություն, իրավագիտություն,քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, արևելագիտություն, տնտեսագիտություն,մանկավարժություն, սոցիոլոգիա, հոգեբանություն, բանասիրություն, լրագրություն:
ՄՄՀ գրադարանում կազմակերպվել է ցուցահանդես, որտեղ ցուցադրվել են 25 տարիների ընթացքում համալսարանի կողմից հրատարակված աշխատություններ, դասախոսների գիտական աշխատանքներ, մենագրություններ, հոդվածների ժողովածուներ:
Մեսրոպ Մաշտոց Համալասրանի մամուլի ծառայություն