2022 թ. հոկտեմբերի 29-ին կայացած
«Գիտության և կրթության դերը պետության
զարգացման գործում» խորագրով
Միջազգային գիտաժողովի
Այսօրվա նոր իրողություններն իրենց սուր սպառնալիքներով ու մարտահրավերներով ստիպում են արմատապես վերանայել արցախահայության գոյատևման ռազմավարությունը և մարտավարությունը։ Այս առումով դժվար է գերագնահատել կրթության և գիտության դերը: Ամփոփելով Մեսրոպ Մաշտոց համալսարանի 25-ամյակին նվիրված «Գիտության և կրթության դերը պետության կայացման գործում» խորագրով գիտաժողովի զեկույցները, ինչպես նաև մասնախմբային քննարկումների ժամանակ արտահայտված մասնագիտական կարծիքները՝ ըստ կրթության և գիտության ոլորտների՝ կարևորում ենք հետևյալ շեշտադրումները։ Սոցիալական բևեռացման առաջին օջախը նախադպրոցական մակարդակում ձևավորվող անհավասարությունն է։ Արցախում սոցիալական անհավասարությունը սկսվում է նախադպրոցական օղակից, քանի որ այդ տարիքի երեխաների 70%-ը մանկապարտեզ չի հաճախում: Արցախի շուրջ 78 համայնքներ չունեն մանկապարտեզ: Այս խնդրի լուծումը կարող է հանգեցնել բոլոր երեխաներին հավասար և անվճար նախադպրոցական կրթությամբ ապահովելու գերակա նպատակին։ Արցախի դպրոցները՝ համայնքային զարգացման և հանրային համերաշխության անկյունաքարերն են։ Սակայն այսօր Արցախի մի շարք դպրոցներ գտնվում են օրհասական վիճակում: Շատ են մի քանի տասնյակ աշակերտ ունեցող համայնքային դպրոցները։ Եթե նման վտանգված համայնքներում ժամանակին չկատարվեն կրթական և սոցիալական ներդրումներ, ապա դրանք կարող են անհետանալ: Հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածում տեղահանվածների բնակեցումն անհնար է առանց ժամանակակից կահավորմամբ և որակյալ մասնագետներով արդիական դպրոցների։ Առաջնահերթ է Արցախի սահմանագծերի երկայնքով և Բերդաձորի ձորակում գործող դպրոցների վերակենդանացումը։ Նման պայմաններում անհրաժեշտ են պետական միջամտությամբ ոչ շուկայական լուծումներ՝ ապակենտրոնացման շեշտադրումով։ Կարևոր է ապահովել նաև հնարավորինս շատ ընտանիքների վերադարձը փոքր համայնքներում, որպեսզի նրանք իրենց ապագան պլանավորեն այդ համայնքներում, ինչպես նաև հրատապ պետական միջոցներ հատկացնել բնակչության անկում ունեցող գյուղերի դպրոցներն արդիականացնելու համար: Սոցիալական ու կրթական ուժեղ բաղադրիչներ ունեցող ծրագրերից է «Երկարօրյա դպրոց» ծրագիրը Արցախի մի շարք գյուղերում։ Երկարօրյա ուսուցման դրական փորձի հետագա ներդրումը և տարածումը Արցախի բոլոր դպրոցներում և արտադպրոցական կրթության զարգացմանն ուղղված ապակենտրոն ծրագրերը կարող են նպաստել նաև համայնքային տնտեսական միավորումների ստեղծմանը ու ծնողների զբաղվածության աճին։ Ռազմավարական խնդիր է Ստեփանակերտ քաղաքի գերկենտրոնացման ու քաղաքաշինական հագեցվածության հաղթահարումը՝ Արցախի ծայրամասերում սոցիալ-կրթական ենթակառուցվածքների խթանման միջոցով։ Հանրակրթական ոլորտն ուժեղացնելու և ռազմավարական առումով կենտրոնացնելու համատեքստում օրակարգային է արհեստագործական ուսումնարանների գործունեությունը՝ հաշվի առնելով այն փաստը, որ արհեստագործության վերածնունդն Արցախում կարող է զարկ տալ ինչպես պետության տնտեսության զարգացմանը, այնպես էլ երիտասարդության զբաղվածության խնդրի լուծմանը։ Պետք է նպաստել ներառական կրթության սոցիալ-հոգեբանական բաղադրիչի բովանդակային և համապարփակ ներդրմանը հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում՝ ապահովելով այդ գործընթացի համար նյութական և մասնագիտական ռեսուրսները։ Առաջնահերթ է նաև դպրոցներում ռազմական պատրաստվածության ծրագրերի վերանայումը՝ առկա մարտահրավերներին համահունչ։ Արցախում կրթական ու տնտեսական զարգացման գլխավոր խթանը կարող է լինել նպատակային և որակյալ վերապատրաստումների կազմակերպումը։ Հատկապես առաջնահերթ են հետևյալ ուղղությունները․ կրթական հաստատությունների աշխատողների վերապատրաստումներ, գյուղատնտեսական ոլորտի մասնագետների վերապատրաստումներ, բնագիտության և հասարակագիտության բնագավառների մասնագետների ընդգրկում դասախոսություններում, դասընթացներում և ուսումնական պրակտիկաներում, պետական կառավարման համակարգի կարողությունների ուժեղացում, մեծահասակների համար վերապատրաստումներ և վերաորակավորում։ Արցախի բուհական համակարգում առկա են կրթության որակի, ՀՀ և օտարերկրյա բուհերի հետ համագործակցության, քննադատական մտածողության և Արցախի տնտեսության համար պահանջված մասնագիտությունների զարգացման հետ կապված խնդիրներ: Առաջիկայում կարևոր է լինելու արցախցիների՝ միասնական գաղափարների շուրջ համախմբումը՝ որպես Արցախի անկախության առհավատչյա: Այդ նպատակով անհրաժեշտ է համագործակցային կարողունակությունների և քննադատական մտածողության ձևավորումը: Կրթության զարգացումն անհնար է պատկերացնել առանց անլար համացանցի հասանելիության Արցախի ողջ տարածքում՝ հետպատերազմյա և հնարավոր պատերազմների նոր համատեքստում: Ուստի խիստ կարևոր է այդ ենթակառուցվածքի զարգացումը: Հասարակական համերաշխության և տեղեկատվական անվտանգության տեսանկյունից՝ կաևորում ենք տարածվող թշնամական ապատեղեկատվության հետ վարվել սովորելն ու մեդիագրագիտության խթանումը կրթական համակարգում: Կրթական համակարգը պետք է լինի սոցիալական արդարության և հավասար հնարավորություններ գեներացնող գլխավոր օղակը։ Ռեսուրսների ապակենտրոնացման քաղաքականությունը սերտորեն կապված է կրթության և տնտեսության ներդաշնակ զարգացման հետ։ Առավել կարևոր է գիտական միտքը և ներուժը ծառայեցնել ընդհանուր գերակա գաղափարին․ ցանկացած գիտական հետազոտություն պետք է առաջին հերթին ուղղված լինի պետության կողմից սահմանված ռազմավարական խնդիրների վերհանմանը, վերլուծմանը և թիրախային որոշումների կայացմանը, իսկ ստացած գիտական արտադրանքը պետք է ներդնել և կիրառել իրական տնտեսության մեջ, իրականացվող հետազոտությունների հիմքում պետք է ունենալ հավաստի փաստեր և մուտքային տվյալներ, ուստի որպես խոչընդոտ՝ կարող են լինել լաբորատորիաների և սարքավորումների գերժամանակակից չլինելը, պետական և համալսարանական մակարդակում պետք է ունենալ գիտության զարգացման խրախուսման և մոտիվացիայի ինստիտուցիոնալ մեխանիզմներ՝ հստակ պատկերացում ունենալով ռազմավարական նշանակության, փաստարկված պլանավորման և ռիսկերի կանխատեսման մասին: Առաջնային պլանում են նոր՝ արդիական տեխնոլոգիաները, որոնք վճորոշ դեր են սկսել խաղալ 21-րդ դարում՝ արագացման դարաշրջանում։ Այդ տեխնոլորգիաները կարող են և պետք է կոմպենսացնեն Արցախի մարդկային և նյութական ռեսուրսների պակասը։ Իրանի պետության, Մերձավոր Արևելքի շատ կրոնաէթնիկական համայքների հաջող փորձն էլ ապացույցն է այն բանի, որ հնարավոր է մշակել արդյունավետ տեխնիկական միջոցներ, որոնք նախ և առաջ ապահովագրում են անվտանգության սպառնալիքներից, առանց գլոբալ ակադեմիական հաստատությունների և օտար ինստիտուտների հետ կախյալ սերտաճածության, քանի որ այլըտրանքային ինքնուրույն ու ինքնաբավ տեխնոլոգիաները շատ հասանելի ու մատչելի են։ Առաջին հերթին կարևորել է պետք ազգային բուն արժեքների վրա հիմնված տեխնոլոգիաները։ Առավելապես հայերենի ու ռազմավարական մյուս լեզուների հենքով տեխնոլոգիանան գործիքների մշակումը թույլ կտա մոբիլիզացնել և արդյունավետ կիրառել իրական ու վիրտուալ անհամար կարողությունները՝ հանուն դիմակայուն ամրոց-պետության կայացման։ Խոսքի ճանաչումը (ASR), ձայնի սինթեզը (TTS), մեքենայական թարգմանությունը (MT) կարող են դառնալ այն առանցքային միջոցները, որոնց հենքի վրա կհավաքվի տեխնոլոգիական արդիականացման գործիքակազմը, նոր գաղափարների ու ծրագրերի գեներատորը՝ համայնքային՝ թիմային ձևաչափով։ Հայերեն խոսքի ճանաչումը պետք է կիրառվի նորագույն զենքերի և տեսադիտարկման միջոցների ձայնով կառավարման համար, իսկ հայերենով ձայնի սինթեզը թույլ կտա շտաբային պայմաններում գերարագ արդյունավետությամբ կառավարել մարտական կամ հետախուզական գործողությունները։ Արդեն պատրաստի այս նոր տեխնոլոգիական գործիքները ծառայում են նաև զուտ ազգային ցանցի կառուցման համար։ Զուտ ազգային ցանցն այն վայրն է, որը հնարավորություն է տալիս համակարգելու և կոորդինացնելու համազգային ջանքերը առավել արդյունավետությամբ՝ խուսափելով ձգձգումներից և կարևոր հրահանգների, ուղերձների ռետրանսլյացիայից։ Այս պահին Արցախի ջանքերով, մշակվել են ադրբեջաներենի և թուրքերենի թվային գործիքներ, որոնք թույլ են տալիս դիտարկել թշնամիների ճամբարում բոլոր գործողությունները և տեղաշարժերն՝ առանց էական ռեսուրսների կիրառման։ Բոլոր հնարավոր աղբյուրներից եկող տեղեկատվական հոսքը հնարավոր է ավտոմատ մշակել խոսքի ճանաչման ու մեքենայական թարգմանության գործիքներով, իսկ ադրբեջաներենի և թուրքերենի (արհեստական) ձայնի սինթեզով՝ թիրախային հարվածներ հասցնելով թշնամու թույլ կետերին՝ պրոակտիվ քարոզչական ձևաչափով։ Ճակատագիրը մեր այս օրհասական, բեկումնային պահին մեկ ելք է թողել՝ գնալ սրընթաց արդիականացման ճանապարհով՝ սեփական արցախակենտրոն, հայաստանակենտրոն ձևաչափով։ Եւ այդ ճանապարհը պետք է լինի այլընտրանքային՝ ոչ թանկ ու ռեսուրսատար (գլոբալ, կորպորատիվ) եղանակով։ Այսօր Արցախի էներգիայի մոբիլիզացումից և ճկուն, այդ թվում տեխնոլոգիական ու իրական գիտելիքահեն կազմակերպումից է կախված արցախահայության ու ողջ հայության ճակատագիրը։