Հանդիպում մաշտոցականների հետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) անկախության հռչակման 32-րդ տարեդարձի առթիվ Մեսրոպ Մաշտոց Համալսարանում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանը հանդիպեց մաշտոցականների հետ։ Բացման խոսքով հանդես եկավ Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը։ Դ. Գաբրիելյանն իր խոսքում պատմական էքսկուրս կատարեց՝ Վերակառուցումից մինչև Սումգայիթի, Բաքվի ջարդեր, մինչև Արցախյան շարժում։ Նա փաստերով մատնանշեց պատմական անարդարության ակունքները. «Սիրելի՛ ուսանողներ, Արցախում կերտվում է հայության ճակատագիրը։ Ձեզանից յուրաքանչյուրն այդ պատմությունը կերտողներից է։ Զինվե՛նք համբերությամբ և տեր կանգնենք մեր հայրենիքին։ Հաղթանակը մերն է լինելու։ Չկասկածե՛ք»։ Տիկին Գաբրիելյանը խոսքը փոխանցեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանին։ «Արժանապատիվ կյանքով ապրելու համար պիտի շարունակենք պայքարել ու արարել։ Պատմությունը, ցավոք սրտի, կրկնվում է։ Իմացե՛ք և գնահատե՛ք մեր պատմությունը։ Հպարտացե՛ք ձեր արմատներով, մի՛ մոռացեք, որ մենք զենքի ուժով կարող ենք կերտել նոր հաղթանակներ»,- մասնավորապես ընդգծել է տիկին Մինասյանը։ Հանդիպումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում։

Կիսվել այս էջով`