«Չարենց. ես մարդ եմ, պոետ ու քաղաքացի». ՄՄՀ-ում կայացել է գրական ցերեկույթ

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Նաիրա Թամրազյանի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 25-ին, կազմակերպվել է «Չարենց. ես մարդ եմ, պոետ ու քաղաքացի» խորագրով գրական ցերեկույթ։Գրական միջոցառման ընթացքում բանախոս Նաիրա Թամրազյանն անդրադարձել է Ե. Չարենցի ստեղծագործական ուղուն և անձնական կյանքին:Ցուցադրվել է Չարենցի մասին տեսանյութ: Այնուհետև բուհի ուսանողները հանդես են եկել Չարենցի բանաստեղծություններով: Ն. Թամրազյանն իր խոսքն ընդմիջում էր չարենցյան բանաստեծություններով, որին միանում էին նաև ներկաները:«Չարենցի ստեղծագործություններով ենք նաև ճանաչում նրա ներաշխարհը. նա՝ իր ասելիքով անկեղծ զրուցում է ընթերցողի հետ։ Մեծն բանաստեղծն իրեն հատուկ անկեղծությամբ է գրել։ Հարթ չի եղել գրողի կյանքը. Մեծ եղեռն տեսած, ստալինյան բռնապետության զոհ դարձած Չարենցը մեծ տաղանդ էր։ Նա հանճար է իր բառով ու տողով։ Բանաստեղծի արմատները գալիս են Կարսից: Չարենցի տողերն այսօր, առավել, քան երբևէ արդիական են: Եվ մենք պետք է հենց չարենցյան մտածողությամբ ու գաղափարներով առաջ ընթանանք, որպեսզի կարողանանք կերտել մեր երազած ազատ ու անկախ Արցախը»,- իր ելույթում մասնավորապես ասել է Ն. Թամրազյանը: Միջոցառման ընթացքում բանախոսը պատմական էքսկուրս է կատարել Կարս, որտեղ ժամանակին ինքն անձամբ եղել ու քայլել Չարենցի հետքերով:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն

Կիսվել այս էջով`