Ստեղծագործում են մեր ուսանողները /Սառա Մարգարյան/

«Չվերնագրվող ապրումներ»

Ընդհանրապես պատերազմը ամենավտանգավոր խաղն է, որը խաղում են մարդիկ ու թերևս պատերազմը ամենավատ բանն է, որ կարող է կատարվել մարդկության հետ: Արդեն որերորդ անգամ հայը ստիպված է լինում զոհել ամենաթանկից թանկը՝ իր զավակին ու հայրենիքի համար չի խնայում կյանքը:

Այդպես էլ այս պատերազմում մեր հզոր տղաները անձնվիրաբար ծառայեցին հայրենիքին, զոհեցին ամենաթանկը ու հայրենիքս կամաց-կամաց սկսեց որբանալ:

Մեր երկրում հիմա ամեն ինչ կարմիր է, ու պատերազմի գույնն էլ կարմիր է, բայց հիմա սև ժամանակներ են: Քաղաքից հանվել են սև ժապավենները, բայց քաղաքում բոլորը սև սրտով են: Դրախտավայրը, որը մեկ օրում վերածեցին դանթեական դժոխքի, սգավոր է:

Այստեղ ոչ ոք չի ապրում, այստեղ բոլորը գոյատևում են, այստեղ ամեն օր մարդիկ ցավը դնում են կարագի ու հացի արանքում ու ծամում են, բայց կուլ չի գնում:

Դիմանալու չի՜՜, ձեզ վստահեցնում եմ, այս ամենը դիմանալու չի: Հիմա մենք նորից դարձել ենք նշխար, սուրբ նշխար շան բերանում ու նորից վեր ենք հառնում մոխիրներից, քանի որ մեր ոգին հանձնվել չգիտի, քանի որ հաղթանակը մեր արյան մեջ է:

Եթե դուք ուզում եք զգալ հավատի զորությունն ու ուժը, ուրեմն գոնե մեկ անգամ  նայեք զինվորի աչքերին, որովհետև միայն նրա աչքերում է զորանում հավատն առ աստված, որովհետև պատերազմի դաշտում զինվորին  ոչինչ չի փրկոււմ հավատից բացի, որովհետև պատերազմը վիճակախաղի նման է՝ պիտի բախտդ բերի. ուրիշ ոչինչ:

Ասում են՝ պետք է սիրել այն հողը, որում քեզ մի օր թաղելու են: Ու այս հողը երբեք այսքան թանկ ու կարևոր չի եղել, ինչքան հիմա: Մեկ-մեկ ուղղակի վախենում ես քայլել, որ հանկարծ չվնասես նրանց ովքեր, հողի տակ են, ովքեր բարձունքներ նվաճեցին ու հիմա էլ վերևից հետևում են մեզ:

Նրանք գնացին կիսատ թողնելով ամեն ինչ՝ երազանքներ,նպատակներ, սերեր: Հիմա մենք պարտավոր ենք ապրել մեր ու նրանց փոխարեն, հիմա մենք պետք է շարունակենք հինգ հազարից ավելի հերոսների կիսատ թողածը, որովհետև մեր կյանքը նրանց կյանքի գնով է:

Այս կյանքի անվարագույր դարբնոցից սերված ու պատերազմի թոհուբոհով անցած սերունդը չի պարտվել, ի՛մ զինվորը չի պարտվել, նրան ուղղակի ծնկի են բերել իր հողում:

Ես հպարտ եմ, որովհետև իմ սերունդը հաղթանակած սերունդ է, իմ դասարանցիները, որոնց հետ ես ժամանակին դպրոցական նստարան եմ կիսել, հիմա հերոսներ են:

Հիշու՞մ եք պատերազմից հայտնի այն ձայնը կտրված տղային, ով, երեսի փոշին դեռ չմաքրած, գոռում է «երկու հարյուր ութ», այդ փոքրամարմին, բայց հզոր տղան Նաիրին է՝ իմ դասընկերը ու երբ երկիր Նաիրին պաշտպանում է հենց ինքը՝ Նաիրին, թշնամին էլ ու՞մ շունն է:

Հիմա պատերազմի ձայնը լռել է, բայց այս հողը վերքերից թաց է դեռ և վիրավոր: Հիմա գարուն է ու այնտեղ, որտեղ ննջում են տղաները, կարմիր կակաչներով են պատվել: Այս կանաչ անտառների հսկաները հավերժ այս հողին սիրահարված մնացին, հավերժ այս հողի մասնիկը  դարձան, գրկեցին հողը հայրենի, որ հանկարծ չտան թշնամուն: ՈՒ այս արյունով ներկված հողը օրերից մի օր այնքան սրբացավ, որ ակամայից ուզում ես հողը համբուրել ու թվում է, թե, եթե մի քիչ էլ մոտենաս, կգրկես նրանց, ովքեր հողի տակ են:

Այստեղ արդեն յոթ ամիս է ռումբեր չեն պայթում, բայց փոխարենը պայթում է մեր սիրտը կարոտից: Ու կարկատում ենք ամեն անգամ կարոտները մեր, որ արցունքի անձրևներ չտեղան նրանց վրա, ովքեր հիմա խորը քնած են ու ովքեր այդպես էլ չիմացան, որ արդեն պատերազմի ձայնը յոթ ամիս է ինչ լռել է:

Նրանց կատարած սխրագործության մասին գրքեր կգրվեն ու գուցե ծույլ  աշակերտները այդպես էլ չկարդան ու չսովորեն այդ դասը, բայց կգա մի օր, երբ ձեռքերը, որոնք նոր են զենք բռնել,  ուժ կունենան ծաղիկ տանելու:

Ինչպես Սևակն է ասում <<Ու ապրում է հոգին նրանց ապրողների հեգիներում>>: Քաջերը չեն մահացել. նրանք կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ մենք նրանց հիշում ենք: Պատերազմը խաղ է, որտեղ հաղթում է ուժեղագույնը: Եվ մեզ բոլորիս մնում է միայն հավատով սպասել, բայց ինչին, ինքներս էլ չգիտենք: Ուղղակի գիտենք, որ հավատն ու հույսը երկարացնում են ապրելու ցանկությունը:

Տղերքը գնացին ասելով՝ սպասիր ինձ և ես կգամ…..

Ու մենք ազգովի զինվորին սպասող դարձանք, իսկ իրենք մնացին հավերժ Զինվոր…

ՄՄՀ Հայոց լեզու և գրականություն մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Սառա Մարգարյան

Կիսվել այս էջով`