«Շուշիս» խորագրով ցուցահանդես
Մայիսի 7-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում կազմակերպվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես՝ ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ, Օտար լեզուների ամբիոնի և ՄՄՀ գրադարանի աջակցությամբ:
Բացման խոսքով հանդես եկավ ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը
«Շուշին հայկական եղել է, կա ու մնալու է հայկական, այն պատկանում է յուրաքանչյուրիս, և աշխարհասփյուռ հայությունը պետք է ամեն ջանք գործադրի, որպեսզի մենք վերադարձնենք ոչ միայն Շուշի քաղաքը, այլև նրա երբեմնի փառքը»,-ասաց Դոնարա Գաբրիելյանը:
Ելույթ են ունեցել նաև համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ավագ գիտաշխատող Հովիկ Ավանեսովը, բ.գ.դոկտոր պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, ԱրՊՀ դասախոս, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանը:
«Ցուցահանդեսում ներկայացված են 110 գրքեր, որոնցում տեղեկություններ կան Շուշիի մշակույթի, պատմության մասին: Ցուցահանդեսում ներկայացված են նաև գերմանական, ռուսական և ֆրանսիական փոստային բացիկներ, որոնցում բացառապես գրված է Շուշի անունը»:
Ցուցահանդեսի բացմանը ելույթ է ունեցել նաև հուշարձանագետ, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:
«Շատ շուտ պետք է դուրս գալ համազգային սգից և շատ արագ սկսել վերականգնել մեր կորսվածը: Ցավոք, մեր տղաներին հետ բերել չենք կարող, սակայն մեր պատմամշակութային ժառանգությունը, մեր քաղաքներն ու բնակավայրերը կարող ենք վերադարձնել, եթե պատմության դասերը ի նկատի ունենանք»,-ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը:
Ելույթով հանդես է եկել նաև գրականագետ, հրապարակախոս Սոկրատ Խանյանը:
«Ինչքան էլ ավազակաբարո ուժերը կարողանան ժողովուրդներից խլել իրենց պատմական քաղաքները և գյուղերը, միևնույն է, եթե այդ տարածքները դաջվել են տիրոջ սրտի վրա, դրանք պետք է վերադարձվեն»,-իր ելույթում նշել է Սոկրատ Խանյանը:














