ՄՄՀ «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական ծրագրի դասախոսական կազմի համար կազմակերպվեց ուսումնական այց ԵՊՀ
ՄՄՀ «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական ծրագրի դասախոսական կազմի համար կազմակերպվեց ուսումնական այց ԵՊՀ
Հունվարի 31-ից փետրվարի 4-ը՝ Մեսրոպ Մաշտոց համալսարանի «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական ծրագրի դասախոսական կազմի համար կազմակերպվեց ուսումնական այց ԵՊՀ։ Ուսումնական այցի ընթացքում համալսարանի դասախոսները մասնակցեցին վերապատրաստման դասընթացին, որի նպատակն էր դասախոսներին ծանոթացնել սոցիալական աշխատանքի մասնագիտության առանձնահատկություններին:
Այցի ընթացքում կազմակերպվեցին նաև տարբեր հանդիպում-քննարկումներ, ինչպես նաև այցելություններ սոցիալական ծառայություններ տրամադրող պետական և ոչ պետական կառույցներ։ Հայ օգնության ֆոնդը, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն, Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը, Նագաշյան մանուկների տունը, «Լիարժեք կյանք» ՀԿ-ն, «Շող» ցերեկային կենտրոնը, ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնը, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայությունը դասախոսներին ներկայացրեցին իրենց կառույցների կողմից իրականացվող ծառայությունները, ինչպես նաև ընդգծեցին պրակտիկայում անհրաժեշտ մասնագիտական ներուժի մասին։
Ամփոփելով ուսումնական այցը` քննարկվեցին հետագա անելիքները մագիստրոսական ծրագրի, ինչպես նաև Արցախում սոցիալական աշխատանքի ներդրման ու զարգացման ուղղությամբ: Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր և կիսվեցին իրենց տպավորություններով։
«Հետպատերազմյան շրջանում բազմաթիվ խնդիրներ են վեր հանվել, և Արցախի բնակչությունը կարիք ունի սոցիալական աջակցության, քանի որ բնակչության ներքին ռեսուրսները սպառված են, իսկ սոցիալական աշխատողը կարող է մարդու ներուժը բացահայտել, ներքին ռեսուրսները ակտիվացնել, որպեսզի մարդիկ կարողանան ինքնուրույն իրենց խնդիրները լուծել։ Այդ իսկ պատճառով այս պահին Արցախում հրատապ է սոցիալական աշխատողի մասնագիտության ներդրումը, որպեսզի կարողանանք մարդկանց և ընտանիքներին աջակցել, ինչը որ արդեն սկսվել ենք։ Կարծում եմ, որ հետագայում կունենանք որակյալ սոցիալական աշխատողներ, ովքեր կներգրավվեն տարբեր կառույցներում, այդ թվում և՛ պետական, և՛ ոչ պետական, նաև կկարողանան գրագետ աջակցություն ցուցաբերել մեր բնակչությանը։ Մեր ուսումնական այցը շատ բարձր մակարդակով էր կազմակերպված, թե՛ դասախոսությունների որակը, և թե՛ այցելությունները տարբեր կենտրոններ։ Այս օրերին այն, ինչ մենք լսեցինք և պրակտիկայում ծանոթացանք, իսկապես հարստացրեց մեր գիտելիքների պաշարը» ,- նշեց Մեսրոպ Մաշտոց համալսարանի ավագ դասախոս, «Շող» համայնքային ցերեկային կենտրոնի համակարգող, Արցախի սոցիալական աշխատողների ասոցիացիայի համակարգող Դիանա Գալստյանը։