ՄՄՀ ուսանողները մասնակցել են Գորիսի պետական համալսարանում կազմակերպված գիտաժողովին
Մայիսի 11-12-ը Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ ուսանողական գիտաժողով՝ նվիրված Լեռնահայաստանի հռչակման 100-ամյակին: Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ և ԱՀ մի շարք բուհերի ուսանողներ, որոնց շարքում էին նաև Արցախի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի կովկասագիտության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհիներ Դիանա Օհանյանը և Աննա Գասպարյանը:
Լիագումար նիստը մեկնարկեց ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանի ողջույնի խոսքով, այնուհետև ուսանողները մասնակցեցին Գ. Նժդեհի արձանի մոտ տեղի ունեցած ծաղկադրման արարողությանը:




Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին առանձին մասնախմբերում: Մեր համալսարանի ուսանողները զեկուցումներ ներկայացրին պատմության և իրավագիտության մասնախմբում: Քանի որ Դիանան և Աննան համահեղինակներ էին, ուստի թեմայի առաջին մասը՝ «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասի երկրների հետ» ,ներկայացրեց Դիանան, իսկ երկրորդ մասը՝ «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը արտատարածաշրջանային խոշոր երկրների հետ»՝ Աննան: Հետաքրքիր քննարկումներով, հարց ու պատասխանով եզրափակվեց մասնախմբի աշխատանքը:



Գիտաժողովի փակման արարողությանը բոլոր մասնակիցներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր: Համապատասխան ամբիոնների երաշխավորումից հետո զեկուցումները կտպագրվեն «Ուսանողական հանրապետական գիտաժողովի նյութեր» ժողովածուի հերթական համարում:


Գորիսի պետական համալսարան ուղևորված ուսանողների առօրյան հագեցած էր նաև պատմամշակութային ծրագրերով: Ուսանողները եղան Գորիսի երկրագիտական ,Սերո Խանզադյանի տուն-թանգարաններում, Տաթևի վանական համալիրում:



