ՄՄՀ-ում կայացել է «Հանուն Դիմակայուն Արցախի» խորագրով հերթական դասընթացը
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և Երևանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանում «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական անվճար ծրագիրը գործում է 2021 թվականի սեպտեմբերից, որին ներգրավված է 20 ուսանող:
Մասնագիտությունն անհրաժեշտություն էր, քանի որ սոցաշխատողի ինստիտուտը պետք է Արցախում զարգացնել։ Հետպատերազմյան շրջանում իրադարձություններից հետո սոցիալ-հասարակական դաշտում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք լուծելու համար անհրաժեշտ են համապատասխան մասնագետներ: Երևանի պետական համալսարանի սոցիալական աշխատանքի և տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսները պարբերաբար գալիս են Արցախ և այստեղ դասախոսություններ կազմակերպում, որոնց միանում և մասնակցում են նաև տեղի դասախոսները:

«Հանուն Դիմակայուն Արցախի» խորագրով հերթական դասընթացը, որը կայացել է ՄՄՀ-ում՝ ներկա էր նաև «Հայ կրթական հիմնարկության» ներկայացուցիչ, բարերար Ալեք Բաղդասարյանը, ով ևս աջակցում է Արցախում սոցիալական ինստիտուտի զարգացմանն ու կայացմանը:
«Հայ կրթական հիմնարկություն»-ը ՀՀ-ում և ԱՀ-ում իրականացնում է մի շարք կրթական ծրագրեր: Բարերարի հերթական այցն Արցախ՝ պայմանավորված է անձամբ տեսնելու այս ոլորտում կատարվող աշխատանքները:

Տեսնելով Մարտունիի նորաբաց սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնը, Ալեք Բաղդասարյանը ոգևորվել և ցանկացել է իր բաժին մասնակցությունը ունենալ այս ծրագրի իրականացման գործում:
«Այս ծրագիրը կատարյալ կերպով է իրականացվում: Դրա կարիքը կա Արցախում: Սա կարևոր դերակատարություն ունի քաղաքացու սոցիալական հանգիստն ապահովելու համար: Մենք հպարտ ենք և պատիվ ենք զգում, որ այս ծրագրի մաս ենք կազմում»,- նման կարծիք է արտահայտել բարերարը:
«Արցախում սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման վերապատրաստման» ծրագրի ղեկավար Միրա Անտոնյանի խոսքով էլ՝ հունիս կամ հուլիս ամիսներին նախատեսվում է նոր կենտրոնի բացում Մարտակերտում. սկսված են աշխատանքները: Ինտենսիվ քննարկումներ են ընթանում նմանատիպ կենտրոններ բացել նաև Ասկերանում և Ստեփանակերտում: Այս նախաձեռնությունը, որը միտված է մարդկանց օգնել չպետք է սպասել և պետք է գործել:
Մեր նպատակն է հանրապետության բոլոր շրջաններում ունենալ սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոններ: Նման ցանկություն է հայտնել ԵՊՀ դասախոս, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Միրա Անտոնյանը: Մեկ տարվա ընթացքում հասցրել են վերապատրաստել 70 անձանց: Այս օրերին ևս շարունակում են լուրջ և հետևողական աշխատանքներ իրականացնել տարբեր ուղղություններով՝ նորաբաց սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոններին զուգահեռ բացելով այլ կենտրոններ:
«Հիմա ջանքեր ենք գործադրում Մարտունիում բացելու ընտանիքի և երեխայի աջակցության կենտրոն: Հաշմանդամություն, ինչպես նաև ընտանեկան տարբեր խնդիրներ ունեցող անձինք կարող են օգտվել կենտրոնից, որը կօգնի բոլոր-բոլորին»,- նշել է Մ. Անտոնյանը:
Նմանատիպ կենտրոնների բացում և գործարկում նախատեսվում է տարբեր համայնքներում, որտեղ մարդկանց կցուցաբերվի սոցիալական օգնություն:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն









Previous
Next