ՄՄՀ-ում կազմակերպվել է «Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, որպես Թուրքիայի և Ադրբեջանի նվաճողական քաղաքականության շարունակություն» խորագրով կլոր սեղան-քննարկում

ՄՄՀ-ում կազմակերպվել է «Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, որպես Թուրքիայի և Ադրբեջանի նվաճողական քաղաքականության շարունակություն» խորագրով կլոր սեղան-քննարկում

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ, բուհի նիստերի դահլիճում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կազմակերպվել է «Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, որպես Թուրքիայի և Ադրբեջանի նվաճողական քաղաքականության շարունակություն» խորագրով կլոր սեղան-քննարկում։
 
Լռության րոպեից հետո, միջոցառման մասնակիցներն աղոթք հղեցին առ Աստված, որից հետո թեմայի վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկներն են ներկայացրել տարբեր կառույցների ներկայացուցիչները:
 
Բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը կարևորել ու անհրաժեշտ է համարել հրատապ թեմաների քննարկումները:
ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի խոսքով՝ Ադրբեջանն այսօր էլ շարունակում է հայատյաց քաղաքականություն վարել: Ադրբեջանը, որպես արհեստածին պետություն ի սկզբանե զբաղվել է հայկական մշակույթի ոչնչացմամբ, ինչն այսօր շարունակվում է էլ ավելի ակնհայտ ձևով:
 
Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանն իր ելույթում ասել է, որ Ադրբեջանն ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ մինչ այսօր իր բարբարոսություններին վերջ չի տալիս, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ ատելությամբ է լցված հայ ժողովրդի և հայկական մշակութային հարուստ ժառանգության հանդեպ:
 
Ըստ՝ ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի նման քաղաքականության կանխման ուղղությամբ իրականացվել են մի շարք աշխատանքներ, որոնք այսօր էլ շարունակվում են:
 
Ըստ Գ. Ստեփանյանի՝ կարելի է պնդել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքների հայկական պատմամշակութային հուշարձանների գոյությունը սպառնալիքի տակ է:
 
Կլոր սեղան-քննարկման մասնակիցներն իրենց ելույթներում ևս մեկ անգամ փաստել են, որ անհրաժեշտ է հանրության շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը: Պետք է ոչ թե խոսքով, այլ գործուն քայլերով ապացուցել, որ հայ ժողովուրդը սատարում է հայկական մշակութային ժառանգության պահպանումը և պաշտպանումը, ինչպես նաև կարողանում է դիմակայել նոր մարտահրավերներին, որի համար պետք է ստեղծել ռուսալեզու կամ անգլալեզու սոցիալական հատուկ հարթակներ, որոնց միջոցով անհրաժեշտ է օր առաջ իրականացնել հասցեկան աշխատանքներ:
 
ԱՀ նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը ևս ընդծել է, որ Ադրբեջանը բացահայտ կերպով է շարունակում ոչնչացնել հայկական սրբավայրերը: Այս ամենը կանխելու համար պետք է յուրաքանչյուր ոք լուրջ և հետևողական աշխատանքներ իրականացնի, որպեսզի միջազգային հանրությունը գոնե հիմա իրական գնահատական տա ստեղծված իրավիճակին:
 
Հուշարձանագետ Սլավա Սարգսյանը ցավով է նշում, որ այսօր Ադրբեջանն Արցախի օկուպացված տարածքների հայկական պատմական հուշարձանները ներկայացնում է, որպես աղվանական մշակույթ, եկեղեցիները՝ մզկիթներ, իսկ հայկական տեղանունները՝ վերափոխված:
 
Ս. Սարգսյանի խոսքով՝ դա քաղաքական ապատեղեկատվություն է Ադրբեջանի կողմից, որի ուղղությամբ կտրուկ քայլեր պետք է ձեռնարկել:
 
Իսկ պատմաբան Մհեր Հարությունյանը խնդրի լուծման առաջին իսկ քայլը համարում է, այն որ պետք է մանկապարտեզից սկսել հայեցի դաստիարակության և հայկական տեղանվանագիտության ուսուցումը:
 
Պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանն էլ իր ելույթում ընդգծել է, որ Ադրբեջանի կեղծարարության գործընթացը սկսվել է դեռևս 1920 թվականից, որն այսօր էլ ավելի ագրեսիվ կերպով են արտահայտված: Միջազգային հանրությունը պետք է լուրջ մոտեցում ցուցաբերի այս թեմային, որն օրեցօր արմատավորվում և իր բացասական հետևանքներն է թողում պատմական փաստերի աղավաղման շրջանում:
 
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կիսվել այս էջով`