ՄՄՀ-ում անցկացվել է միջազգային գիտաժողով
Հունիսի 12-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում կազմակերպվել է միջազգային գիտաժողով՝ «Նորակազմ (չճանաչված) պետությունները պատերազմից հետո. խնդիրներն ու դրանց լուծման ուղիները» խորագրով: Գիտաժողովում քննարկվել են տարածաշրջանի հումանիտար, տնտեսագիտական, սոցիալ-քաղաքական զարգացման արդիական հարցերը:
Միջազգային գիտաժողովը հետպատերազմյան շրջանում Արցախում առաջինն էր:
«Գիտաժողովը կնպաստի միասին մեր պետության առջև ծառացած խնդիրները վեր հանելուն, արժևորելուն և հնարավոր լուծումներ առաջարկելուն, ուստի ակնկալում ենք բոլորի ակտիվ մասնակցությունը քննարկումներին, որովհետև յուրաքանչյուրի կարծիքն այսօր շատ կարևոր է», – բացման խոսքով հանդես է եկել ՄՄՀ ռեկտոր, մ.գ.թ., ՄՄՀ պրոֆեսոր Դ.Ս.Գաբրիելյանը:
ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն իր խոսքում կրթությունն ու գիտելիքը համարեց այն կարևոր բաղադրիչները, որոնցով մենք կարող ենք ճանաչել տալ մեր երկիրը:
«Գիտությունը սահմաններ չի ճանաչում և մեծ հաշվով աշխարհում բոլոր հաղթանակները, բոլոր հաջողությունները չափվում են գիտելիքով: Որտեղ կա պարտություն, այնտեղ կա գիտելիքի պակաս, և մեր պարտությունը պայմանավորված է եղել նախևառաջ կրթությամբ ու գիտությամբ», – ընդգծել է Լ. Ղարախանյանը:
Լիագումար նիստը անցկացվել է 3 մասնախմբերում.
- Տնտեսագիտություն, Կառավարում, Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ,
- Իրավունք, Քաղաքագիտություն, Միջազգային հարաբերություններ, Տարածաշրջանագիտություն,
- Լեզվաբանություն, Գրականագիտություն, Մեթոդիկա, Մանկավարժություն, Հոգեբանություն:
Գիտաժողովին մասնակցել են նաև հյուրեր Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Հարավային Օսիայից:
Լրագրող, հեռուստամեկնաբան, կինովավերագրող Նաիրի Հոխիկյանը կարծում է, որ գիտությունը, ակադեմիական խոսքը կարևոր են, երբ դրանք իրականության մեջ իրենց ազդեցությունն են ունենում, և կարևորում է Արցախի իրականության մեջ հայերի ապրելը:
«Մենք՝ ոչ զինվորականներս, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Արցախում հայեր ապրեն: Այն ապագան, որը մեզ՝ հայերիս է պետք, պետք է ներառի, բացի այսօրվա սահմաններից, Շուշին, Հադրութը՝ իրենց գյուղերով, առնվազն Քարվաճառը, Քաշաթաղը, որպեսզի մենք հասնենք դրան, իսկ մենք դրան պետք է հասնենք, քանի որ, մեր կամքից անկախ, թշնամին պատերազմի է պատրաստվում: Մենք պետք է այստեղ ապրենք, պետք է հնարավորինս զարգացնենք Արցախը, պետք է մեր գիտությամբ, կրթությամբ հասնենք նրան, որ մեր զորքը ապագա պատերազմներում ոչ թե կազմակերպված պարտություն կրի, այլ միասնական հաղթանակ», – գիտաժողովի ժամանակ ասել է Ն. Հոխիկյանը:
Հարավային Օսիայի Ա.Ա.Տրիբիլովի անվան պետական համալսարանի դասախոս, ք.գ.թ., դոցենտ Սոսլան Պլիևիը իր ելույթում շնորհակալություն է հայտնել ՄՄՀ ռեկտոր Դ.Ս.Գաբրիելյանին նման դժվար իրավիճակում գիտական միջոցառումներ կազմակերպելու համար՝ նշելով, որ գիտաժողովի թեման ավելի քան արդիական է:
Գիտաժողովի մի մասն էր կազմել նաև ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են ավելի քան 120 աշխատություններ, դրանց հետ մեկտեղ ցուցադրության են ներկայացվել ռուսական և գերմանական փոստային բացիկներ՝ նվիրված բերդաքաղաք Շուշիին: Այդ բացիկների կարևորությունն այն է, որ դրանցում բացառապես գրված է բնակավայրի պատամական հայակական անվանումը՝ Շուշի:





























