ՄՄՀ-ում կայացել է «Բաց դռների օր» ծրագիրը
Մարտի 9-ին և 10-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում կայացել է «Բաց դռների օր» ծրագիրը, որի շրջանակում մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների 11 և 12-րդ դասարանների աշակերտները ծանոթացել են բուհի գործունեությանը:
Միջոցառման ընթացքում ավագ դպրոցների աշակերտները ծանոթացել են պրոֆեսորադասախոսական կազմի հետ, համլսարանում առկա ֆակուլտետներին և մասնագիտություններին, ուսանողական խորհրդի գործունեությանը:
Բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ողջունելով ներկաներին՝ կարևորել և անհրաժեշտ է համարել նման ծրագրի անցակումը, որը հնարավորություն է տալիս դպրոց-բուհ կապի ամրապնդմանը:
ՄՄՀ պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանի խոսքով՝ «Բաց դռների օր» ծրագիրը վերջին տարիներին իր դրական արդյունքներն է տալիս:
«Այսօր դպրոցականները ստացել են մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև կողմնորոշվել մասնագիտության ճիշտ ընտրության հարցում, ծանոթացել ընդունելության կարգին, ուսուցման պայմաններին, այնուհետև շրջայց կատարել համալսարանում»,- մասնավորապես ասել է պրոռեկտորը:
Ստեփանակերտի համար 3 դպրոցի փոխտնօրեն Յուլյա Ալեքսանյանը բարձր է գնահատել միջոցառման անցկացումը: Նրա խոսքով՝ պետք է մշտապես կազմակերպել նմանատիպ միջոցառումներ, որպեսզի դպրոցների աշակերտները մոտիկից տեսնեն ու ծանոթանան բուհերի գործունեությանը:
«Ուրախ ենք, որ Մեսրոպ Մաշտոց համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը կարողանում է գրագետ ու կիրթ ուսանողներ թողարկել, կազմակերպել կրեատիվ միջոցառումներ և աչքի ընկնել իր առանձնահատկություններով»,- ավելացրել է փոխտնօրենը: