ՄՄՀ-ում ամփոփել են անցնող տարին

ՄՄՀ-ում ամփոփել են անցած տարին

Մեսրոպ Մաշտոց Համալսարում այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ամփոփել են 2021 թվականի ընթացում կատարած աշխատանքները, խոսել ձեռքբերումների մասին, ինչպես նաև անդրադարձել անելիքներին:
 
Ասուլիսի վերջում բուհի ռեկտորը շնորհակալագրեր է բաժանել լրագրողներին, ովքեր ակտիվ լուսաբանել են տարվա ընթացքում կազմակերպված միջոցառումները:
 
Բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի խոսքով՝ չնայած տարին լի էր դժվարություններով, սակայն կրթական հաստատությունը կարողացել է 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո վերսկսել դասապրոցեսը:
 
Դոնարա Գաբրիելյանը ցավով է նշել, որ ինչպես 2016 թվականի, այնպես էլ 2020 թվականի պատերազմների ժամանակ բուհն ունեցել է 22 զոհ. նրանց հիշատակին համալսարանում բացվել է հուշատախտակ և կազմակերպվել հուշ-ցերեկույթ:
 
Անդրադառնալով կատարվածին՝ Դ. Գաբրիելյանը մանրամասն ներկայացրել է համալսարանի գործունեությունը: Բուհի ռեկտորը տեղեկացրել է, որ բուհի դասախոսները գիտական հոդվածներով հանդես են եկել ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլև արտասահմանյան մի շարք երկրներում:
ՄՄՀ-ում այս տարվանից մեկնարկել է «Սոցիալական աշխատանք» մագիստրոսական նոր ծրագիր, որտեղ ընդգրկված է 20 ուսանող։ Հունվարից կմեկնարկի նաև մեկամյա «Գործնական հոգեբանություն և հոգեկարգավորում» դասընթացները՝ «Էմպատիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի բազայի հիման վրա:
 
Բուհի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանն էլ իր ելույթում հիմնական շեշտադրումը կատարել է կազմակերպված և կազմակերպվելիք միջոցառումներին՝ դրանց կարևորությանն ու անհրաժեշտությանը:
 
Բուհի ուսանողներն ակտիվորեն մասնակցել են Արցախի տարբեր գերատեսչությունների կողմից նախաձեռնած միջոցառումների, անցել փորձուսուցում:
 
Ընթերցողի սեղանին է դրվել «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» մատենաշարի առաջին հատորը: Այն Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի, «Մշակութային ժառանգության պահպանության» հանրային խորհրդի, ինչպես նաև «Գոլոս Արմենիի» թերթի համատեղ աշխատանքի արդյունքն է: Կովկասագիտության կենտրոնի մեկ այլ նախաձեռնությամբ, բուհի նիստերի դահլիճում կազմակերպվել է «Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, որպես Թուրքիայի և Ադրբեջանի նվաճողական քաղաքականության շարունակություն» խորագրով կլոր սեղան-քննարկում։
 
Տարբեր ֆակուլտետների նախաձեռնությամբ կազմակերպվել են նաև առցանց դասընթացներ և դասախոսություններ “Zoom” հարթակի միջոցով: Մեսրոպ Մաշտոց Համալսարանում դասախոսություններով հանդես են եկել տարբեր բուհերի դասախոսներ և գիտնականներ:
Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում կայացել է բուհի և Ազգային արագացման հանրային նախաձեռնության մեկամյա համագործակցության արդյունքում ստեղծված «Կորպուս հետազոտություններ և թվայնացում» նախագծի շնորհանդեսը։ Համալսարանի կատարած լայնածավալ աշխատանքի արդյունքում՝ Արցախը դարձել է հայերենի թվայնացման ու տվյալագիտության կենտրոն:
 
Մեսրոպ Մաշտոց Համալսարան -ի մամուլի ծառայություն
Կիսվել այս էջով`