Միջազգային գիտաժողով՝ «Պատմություն և քաղաքականություն. կեղծարարություն, ֆոբիա, առասպելաստեղծություն» թեմայով
Մարտի 14-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանի (ՄՄՀ) նախաձեռնությամբ, «Եվրոպա» հյուրանոցի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ «Պատմություն և քաղաքականություն. կեղծարարություն, ֆոբիա, առասպելաստեղծություն» խորագրով։
Գիտաժողովին մասնակցեցին գիտնականներ, վերլուծաբաններ, քաղաքագետներ և պատմության ոլորտի ներկայացուցիչներ Արցախից, Հայաստանից և Ռուսաստանից։ Գիտաժողովի ժամանակ հնչեցին 19 զեկույցներ, որոնք նախապես հրապարակվել էին առանձին ժողովածուում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Անդրադառնալով ժողովածուին՝ Կովկասագիտության կենտրոնի գիտաշխատող, գիտաժողովի համակարգող Հովիկ Ավանեսովը նշեց, որ «գրքում տեղ են գտել այնպիսի հոդվածներ, որտեղ փաստացի ներկայացված են Ադրբեջանի կեղծարարությունը, հակահայկական քարոզչությունը, հեղինակների մի մասն անդրադարձ են կատարել Սումգայիթյան ողբերգություններին, որոնք մինչ այժմ Ադրբեջանը խեղաթյուրում է, մի մասն էլ՝ Խոջալուի դեպքերին: Մենք նաև առաջարկում ենք այդ քարոզչություններին հակազդման մեխանիզմներ, որի համար առաջին հերթին պետք է մշակել հակազդման հստակ ռազմավարություն, օգտագործել բազմալեզու լրատվամիջոցները և թեմայով զբաղվող մասնագետների կոնսոլիդացիան: Այս ամենից հետո միայն մենք կարող ենք լուրջ քայլեր ձեռնարկել և ունենալ դրական արդյունքներ»: Իսկ խոսելով թեմայի կարևորության մասին նա ասաց, որ «այն այսօր էլ արդիական է, քանի որ Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը ամեն օր ավելի է սրանում և դրան հակազդելու համար միայն լրատվամիջոցները կամ վերլուծական հոդվածներ գրելը բավական չէ»։
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը։ Նա նշեց, որ համալսարանն ու նրանում գործող Կովկասագիտության կենտրոնը մշտական ուշադրության կենտրոնում են պահում տվյալ թեման։ Նա կարևորեց նման գիտաժողովների կազմակերպումը, քանի որ դրանք առիթ են, որպեսզի ինչ-որ չափով վերջ դրվի «Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանն և ադրբեջանական քարոզչամեքենայի հակահայ կեղծ լուրերին»:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՄՄՀ պրոռեկտոր, Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Ղարիբ Բաբայանը, ով կարևորեց թեմայի հրատապությունը` ընդգծելով, որ «այսօր Ադրբեջանում հայատյացությունը քարոզվում է պետական մակարդակով, ժխտվում է 1988-1991թթ. Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և այլ քաղաքներում իրականացված հայերի ցեղասպանությունը»:
Այնուհետև «Հիշողության պատերազմները որպես քաղաքական ֆենոմեն․ Գենեզիս, մեթոդներ, յուրահատկություներ» թեմայով հանդես եկավ Կովկասի ինստիտուտի տնօրեն՝ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Կարևորելով խնդրի հրատապությունը, նա նշեց հետևյալը՝ «Այդ ազգն ասում է` չխանգարեք մեզ հավատալ մեր պատմական վարկածին, թողեք մեզ համարենք այն, ինչ ուզում ենք պատմությունից: Ադրբեջանցիները չեն ուսումնասիրում պատմական նյութերը, նրանք փնտրում են իրենց համար արժանապատվություն: Եթե այդ արժանապատվությանը պետք է հասնել կեղծարարությամբ, թող լինի կեղծարարություն: Դա ճշմարտություն է, թե սուտ, երկրորդական նշանակություն ունի, եթե չասենք` զրոյական: Խոսքը գնում է ազգի գոյատևման, ինքնության մասին: Այո, ադրբեջանցին համեմատաբար նոր ազգ է և մի ազգ, որը գողանում է աշխարհի մասին իր պատկերացումները շրջապատից ու ստեղծում իր պատմությունը մեր աչքի առաջ: Եվ աշխատում են ոչ միայն պատմաբանները, այլև պետությունը»։ Բանախոսը օրինակ բերեց բոլորովին վերջերս Ալիևի պահվածքը պատմական քարտեզի առաջ, երբ նրա վրա չի տեսել Ադրբեջան անունը և որտեղ գրված էր միայն Ուրարտու: Նա զայրացել էր, թե այդ քարտեզով ինչ պատկերացում պիտի կազմեն ադրբեջանցի երեխաներն իրենց «պատմական» հայրենիքի մասին: Ա. Իսկանդարյանի կարծիքով` «պատմական ճշմարտության մասին գիտական լեզվով վիճելը Ադրբեջանի հետ անիմաստ է, քանի որ նա ոչ միայն հաշվել կամ այբուբենը չգիտի, այլև որ նա ադրբեջանցի է և փորձում է ստեղծել շարադրանք, որում իր ժողովուրդը հարմարավետ կապրի»: «Մեր պետությունը պետք է անի հետևյալը. դրամաշնորհներ տա և պատմական փաստաթղթերը տարածի ամենուրեք: Ինչպես նաև ընդարձակի պատմական շարադրանքի շրջանակները: Պետք չէ սահմանափակվել միայն Խոջալուով. Խոջալուն մեր պատմության նույնպիսի մաս է, որպիսին Բաքվի ջարդերն են` Կիրովաբադը, Շամխորը, Դաշքեսանը, Նախիջևանը, Ջուղայի խաչքարերը: Լռել չի կարելի»,- ասաց Ա․ Իսկանդարյանը։
Հաջորդ զեկույցը Ռուսաստանի Հարավային դաշնային համալսարանի պրոֆեսոր, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Մաքսիմ Վասկովինն էր, ով հանդես եկավ հետևյալ թեմայով՝ «Պատմական հիշողությունը Կովկասյան մակրոտարածաշրջանի երկրների տեղեկատվական պատերազմներում և միջպետական հարաբերություններում»: Նա պետական հիշողությունը ներկայացրեց երեք տեսանկյունով` որպես տեղեկատվական պատերազմների գործիք, փոխզիջման հասնելու և համագործակցության ու ինտեգրման գործիք:
Ուշագրավ էր, Հայ-ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանի զեկույցը՝ «Թալիշական շարժման պատմությունն ու արդի վիճակը» թեմայով, որի ներկայացման ընթացքում բանախոսը կարևորեց թալիշական մշակույթի և լեզվի զարգացման ակունքը, որը բխում է հայ ժողովրդի հազարամյա մարդասիրական առաքելությունից: Նա նշեց, որ «Մեր նպատակն է, որ թալիշցիները պահպանեն իրենց ինքնագիտակցությունն ու ինքնատիպությունը և ի վիճակի լինեն դիմակայել ասիմիլյացիայի կործանիչ քաղաքականությանը: Քաղաքական ինչ հեռանկար ունեն թալիշցիներն Ադրբեջանում` շատ կարևոր է, բայց դա հենց իրենց` թալիշցիների գործն է»։
Անդրադառնալով նման գիտաժողների կազմակեպման կարևորությանը Գ․ Ասատրյանը խոսեց՝ «ադրբեջանական կեղծարարությունն ու արմենաֆոբիան» միջազգային հանրությանը ցույց տալու մասին։ «Ադրբեջանում վերջ չի դրվելու հայատյացությանը, քանի դեռ կա ադրբեջանական արհեստածին էթնիկական զանգվածը: Ադրբեջանի հիմնական նպատակը հենց հակահայկական քարոզչություն իրականացնելն է: Ադրբեջանում հայատյացություն են սերմանում անգամ մանկապարտեզ հաճախող երեխաների շրջանում և նրանց գիտակցության մեջ ամրապնդում այդ թշնամանքը: Խորհրդային տարիներին այնքան էլ արտահայտված չէր հակահայկական քարոզչությունը: Մենք՝ հայերս, հազարամյակների պատմություն ունենք և այսօր կարծել, որ կարող ենք Ադրբեջանի հետ բարեկամություն անել պարզապես պատրանք կլինի», – ասաց Գ․ Ասատրյանը։
Իր ելույթի ընթացքում Ռուսաստանի Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Վլադիմիր Զախարովը հանդես եկավ «Ի․Վ․Ստալինը և նրա վերաբերմունքը Կովկասի թուրքական ժողովուրդների նկատմամբ» թեմայով, ինչպես նաև «Ռուս-իրանական բարեկամության միության» մեդալով պարգևատրեց ՄՄՀ ռեկտորին, պրոռեկտորին և գիտաժողովի մի քանի այլ մասնակիցների:
Գիտաժողովի ավարտին ցուցադրվեց փաստավավերագրական ռուսալեզու ֆիլմ, որի հեղինակը Մարինե Գրիգորյանն է: Ֆիլմը ադրբեջանցի դիվերսանտներ՝ Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի մասին է, ովքեր 2014 թ-ին Շահումյանի շրջանում ահաբեկչությամբ սպանել են անչափահաս Սմբատ Ցականյանին:




































































