
«Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամն Արցախի հետպատերազմյան հիմնախնդիրների լուծմանը միտված համակարգ է, որի մարդասիրական առաքելությունն է վերականգնել Արցախի վնասված սոցիալ-տնտեսական իրականությունը, ինչպես նաև օգնել մեր հայրենակիցներին կառուցել իրենց ապագան Արցախում՝ ընդգրկելով նրանց Արցախի զարգացմանն ուղղված իրատեսական և նորարական տարբեր ծրագրերում։ Ուստի 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Հիմնադրամը նախաձեռնում է հեռուստամարաթոն՝ «Կանգնիր Արցախի կողքին» կարգախոսով, հաջակցություն Արցախի մեր հայրենակիցների։ Հեռուստամարաթոնի հիմնական նպատակն է ոտքի կանգնեցնել մեր վիրավոր հայրենիքը, ապացուցել, որ Արցախը կա, և հազարավոր հայորդիներ իրենց կյանքը զոհել են հայրենիքի ու իրենց սերունդներին Արցախում ապրեցնելու համար։ Հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված ամբողջ գումարը կօգտագործվի, որպեսզի կյանքի կոչվեն տարբեր գաղափարներ, որոնց իրագործումը կնպաստի Արցախի զարգացմանը։
Իսկ ինչու՞ դեկտեմբերի 10-ը:
Այդ օրը նշանավորվում է նրանով, որ հենց դեկտեմբերի 10-ին 1991 թվականին անցկացվեց Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն: Այդ նույն օրը 15 տարի անց ընդունվեց ԼՂՀ Սահմանադրությունը, որով հաստատվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետությունը: Եվ այսպես հաստատվել է արցախցիների իրավունքն ապրել հայկական Արցախում: Պատահական չէ, որ դեկտեմբերի 10-ը նաև Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:
Միացե՛ք մեզ դեկտեմբերի 10-ին և աջակցե՛ք Ձեր նախընտրած ծրագրին, որպեսզի միասին վերականգնենք մեր հայրենիքը:
https://www.facebook.com/mesropmashtots.mashtots/videos/3174426899446574