Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի ունեցավ զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման արարողությունը

Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի ունեցավ զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման արարողությունը

Մարտի 6-ին Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի ունեցավ Ապրիլյան քառօրյա և Արցախյան երկրորդ պատերազմներում զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱՀ պաշտպանության բանակի, Ազգային ժողովի, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, 2020 թվականի պատերազմում զոհված և անհետ կորած ազատամարտիկների հարազատների նորաստեղծ միության անդամներ, զոհված ուսանողների ծնողներ ու հարազատներ, դասախոսներ և ուսանողներ։

Միջոցառումը վարեց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ Ալիսա Բաղդասարյանը։

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը բացման խոսքում նշեց, որ հայրենիքի համար իրենց կյանքը զոհած տղաները մեր աստղերն են, նրանք լուսավորում են մեր սրտերն ու ճանապարհը: Պաշտպանության բանակի 4-րդ պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ Արտյոմ Դարզիյանն իր ելույթում ներկայացրեց համալսարանի շրջանավարտ, կապիտան Կորյուն Կառլենի Սողոմոնյանի սխրագործությունները: Հայենասեր քաջորդին նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։

Համալսարանի ուսանողներից ելույթ ունեցավ Սվետլանա Ասրյանը։ Մի խումբ ուսանողներ էլ հանդես եկան նահատակների անմար հիշատակին նվիրված կատարումներով

Կիսվել այս էջով`