Մեսրոպ Մաշտոց Համալսարանում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, կայացել է մամուլի ասուլիս, որի ընթացքում լրագրողները հանդես են եկել հարցադրւմներով:
Հետբուհական մասնագիտական ուսուցման ծրագրի շրջանակում Մեսրոպ Մաշտոց Համալսարանը՝ համագործակցելով «Էմպատիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հետ հայտարարում է մեկամյա գործնական հոգեբանության դասընթացների ընդունելություն՝ «Էմպատիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի բազայի հիման վրա: Որակավորումը՝ «Գործնական հոգեբանություն, հոգեկարգավորում»: Դասընթացին կարող են մասնակցել բարձրագույն կրթության «հոգեբան», «մանկավարժ» որակավորում ունեցող անձինք: Դասավանդումն իրականացվելու է հայերեն և ռուսերեն
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի խոսքով՝ Ամենակարևորն այն է, որ կրթությունը լինելու է անվճար, դասախոսելու են տարբեր երկրների լավագույն մասնագետները։ Մինչև դեկտեմբերի 15-ը ցանկացողները կարող են դիմել Մեսրոպ Մաշտոց Համալսարան։ Նախապես լինելու է երկու խումբ. յուրաքանչյուր խմբում՝ 10-ական ուսանող:
Դոնարա Գաբրիելյանն իր ելույթում նշել է, որ Արցախյան երրորդ պատերազմից հետո էլ ավելի կարևոր և անհրաժեշտ է փորձառու և պրակտիկ հոգեբաններ ունենալը: Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ յուրաքանչյուր համայնք ունենա իր մասնագետը, ով ավելի մոտիկից ծանոթ կլինի առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Ուսման ընթացքում հիմնական շեշտադրումը դրվելու է հոգեկան առողջության և կլինիկական հոգեբանության ոլորտներին: Դասընթացն ավարտելուց հետո ունկնդիրները կանցնեն ամփոփիչ ատեստավորում և դրա արդյունքների հիման վրա կստանան լրացուցիչ կրթության դիպլոմ: Կրթությունը պետք է համապատասխանի միջազգային այն չափանիշներին, որոնք առաջարկում են միջազգային հոգեվերլուծական ասոցիացիան և հոգեկան առողջության միջազգային կենտրոնը։
«Էմպատիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի տնօրեն Անահիտ Լալայանն ասել է, որ գոյություն ունեն միջազգային ստանդարտներ, և դրանց համաձայն, ցանկացած պրակտիկ ոլորտի աշխատող պետք է ունենա հետբուհական կրթություն։ Արցախում այդ բացը լրացնելու համար փորձեցին սկսել մեկ տարվա ժամկետով այս ծրագիրը:
Ուսումն ավարտելուց հետո լավագույն ուսանողներն կտեղավորվեն աշխատանքի: Ծրագրի նպատակն է, որպեսզի արդյունքում այդ ծառայությունն Արցախում զարգացնեն այնպես, որ պրակտիկ մասնագետների կարիք չունենանք:
Անահիտ Լալայանը կարևորել է այն փաստը, որ ուսանողները ստորագրելու են պայմանագիր, որի արդյունքում ուսումն ավարտելուց հետո պարտադիր 5 տարի պետք է աշխատեն Արցախում, եթե չաշխատեն պարտավոր են լինելու գումար վճարել ուսումնական հաստատությանը:
Դասընթացները վարելու են միջազգային կարգի լավագույն մասնագետները՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից: Այն իրականացվելու է հեռավար և ավանդական ձևերով՝ շաբաթական երեք օր, աշխատանքային ժամերից հետո: Տեսական գիտելիքները ուսանողները կստան Մեսրոպ Մաշտոց Համալսարանում, իսկ գործնականը՝ «Էմպատիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում: Լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են դիմել Մեսրոպ Մաշտոց Համալսարան:
#ՄեսրոպՄաշտոցՀամալսարանի մամուլի ծառայություն