Մեսրոպ Մաշտոց Համալսարանում կայացել է հերթական մամուլի ասուլիսը

Ասուլիսին՝ զեկույցներով հանդես են եկել ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը և «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանը:
Հովիկ Ավանեսովի խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ 1920 թվականին, ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության շարունակությունն էր։ Մտածել, որ Ադրբեջանը փոխելու է իր ցեղասպան ձեռագիրը, բնականաբար, միամտություն կլինի: Այս ամենի մասին իրազեկված լինելով` խոսել խաղաղության մասին՝ ևս միամտություն է, որովհետև «Ադրբեջան», «Թուրքիա» և «խաղաղություն» եզրույթներն իրար հետ անհամատեղելի են։

«Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանն էլ նշել է, որ այս ժամանակաշրջանը հայոց պատմության տխրագույն էջերից մեկն է:
Մ. Հարությունյանն իր ելույթում ընդգծել է, որ 1920 թվականի այս օրը՝ Շուշիում ադրբեջանցի և թուրք զինվորականների մասնակցությամբ նախօրոք ծրագրված գործողություններ են իրականացվել և հրի մատնել քաղաքը, կոտորել անզեն բնակիչներին. բնակիչների մի մասը մառախուղի շնորհիվ կարողացել է փախչել ու ապաստան գտնել Քարին տակ և Վարանդայի մյուս գյուղերում։
“Շուշիի կորուստը մեզ համար ունեցել է ծանր հետևանքներ բոլոր առումներով, և այս ողբերգությունը պետք է դառնա պատմությունից դասեր քաղելու մի միջոց”,- ավելացրել է Մ. Հարությունյանը։
Ասուլիսի վերջում բանախոսները պատասխանել են լրագրողների հարցերին:
https://m.youtube.com/watch?v=3ijRQWS8Mbo&feature=share
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն